Սույն թվականի հոկտեմբերի 9-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալել էր «Արշավներ Ակումբ»-ի հիմնադիր տնօրեն՝ Ռուբեն Բաղդիշյանին։ Թիրախային խումբը «Տնտեսագիտություն» մասնագիտության ուսանողներն էին։ Ռուբենն ուսանողներին ներկայացրեց իր՝ հաջողակ ձեռնարկատիրոջ ուղին, խոսեց ընկերության ստեղծման պատմությունից, սկզբում ինչ դժվար ճանապարհ է անցել և արդյունքում ինչ հաջողություններ է գրանցել, խոսեց նաև արդեն հաջողված պրոյեկտների և դրանց տեսլականի մասին։
Ուսանողներին իսկապես ոգևորեց Ռուբենի ելույթը, ոգեշնչող պատմությունները, վերջինս խորհուրդներ տվեց նաև մեր ուսանողներին, թե ինչից սկսեն, որպեսզի դառնան ոլորտի մասնագետ, դառնալուց հետո ինչպես հաջողել, ինչ մոտեցումներ ցուցաբերել անհատների հետ շփվելիս։ Ռուբենը խոսեց նաև ինքնակրթվելու կարևորության, շարունակաբար պրակտիկ գիտելիքներ, նոր հմտություններ ձեռք բերելու և տարատեսակ սեմինարներին, աշխատաժողովներին մասնակցելու մասին։
Ռուբենը պատմեց, որ բազում առաջարկներից և փորձերից հետո իրենց ընկերության՝ «Արշավներ Ակումբ»-ի խորհրդանիշը ընտրել են քարայծը, որը լավագույնս ներկայացնում է հայկականությունը, լեռների վեհ կեցվածքը և հայի պայքարող տեսակը, այնպիսի խորհրդանիշ են ընտրել, որպեսզի ոչ ոք երբևէ չշփոթի։
Վերջում Ռուբեն Բաղդիշյանը հորդորեց ուսանողներին լինել համարձակ, համառ և չվախենալ գործ ձեռնարկելիս առաջինը լինելուց։
Նշենք, որ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը պարբերաբար կազմակերպելու է հանդիպումներ՝ թիրախային խմբերի հետ՝ ըստ ոլորտային մասնագիտությունների։