Գիտելիքի և դպրության տոնին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի բակում տեղի ունեցավ հանդիպում ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների, բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսեցիների հետ: Սեպտեմբերի 1-ին Պոլիտեխնիկում ազդարարվեց ուսումնական տարվա սկիզբը՝ գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու նպատակով: Միջոցառման սկզբում հնչեց ՀՀ օրհներգը և Պոլիտեխնիկի հիմնը:
Մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցինք 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:
Առանձնակի շնորհավորեցինք բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ էին գտնվում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում և նրա ավագ դպրոցում: Նշենք, որ այս տարին հոբելյանական է, քանի որ Մասնաճյուղի ավագ դպրոցի հիմնադրման 25-ամյակն է: Այս կապակցությամբ ավագ դպրոցի սաները իրենց ելույթներով ողջունեցին և առավել արժևորեցին տոնական օրը:
Գիտելիքի տոնի կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն ԱրմենԽառատյանը. «Շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Այսօր մենք պետք է գնահատենք գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուրիս բարեկեցության, այնպես էլ պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Դուք ընդունվել եք Հայաստանի հզորագույն ճյուղային կառուցվածք ունեցող ինժեներական բուհը, որն ունի միջազգային հավատարմագրում: Մեր բուհը կրթական բարեփոխումների առաջնեկն է Հայաստանում, ուստի դուք ունեք լայն հնարավորություններ կերտելու ձեր ապագան և կարիերան»:
Ուսանողներին և աշակերտներին շնորհավորեց նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը, ով ներկայացրեց Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտների հաջողության ուղին և ոգևորեց վերջիններիս լինել առաջադեմ, նպատակասլաց և հեռանկարային:
Շնորհավորանքներին միացան ավագ դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, ուսանողական խորհրդի նախագահի տեղակալ Էդգար Ասատրյանը:
Ավագ դպրոցի տնօրինությունը բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին հանձնեց գովասանագրեր:
Միջոցառման ավարտից հետո Մասնաճյուղում մեկնարկեց 2020-2021 տարվա ուսումնական գործընթացը: