Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության հայտարարման վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298 -Ն որոշման Հավելվածի թիվ VI հոդվածի թիվ 21 կետի պահանջով պայմանավորված, ուսումնական գործընթացի դադարեցման, դրան նախորդած ժամանակահատվածում կորոնավիրուսի տարածման կանխմանը միտված սույն թվականի մարտի 2-ից մինչև 6-ը և մարտի 13-ին ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի ընդհատման հանգամանքները, ինչպես նաև ՀԱՊՀ մի շարք ուսանողների կողմից վատառողջության հիմնավորմամբ 2019/20 ուստարվա ժամանակացույցով նախատեսված ձմեռային քննաշրջանի ակադեմիական պարտքերի մարման ժամանակահատվածի ոչ լիարժեք օգտագործման փաստը, ՀԱՊՀ ուսանողական խորհրդի և ռեկտորատի ս.թ. մարտի 17-ի նիստի միջնորդությունները, նպատակն ունենալով ստեղծված արտակարգ իրավիճակում Համալսարանի ուսանողների համար ուսումնական գործընթացի իրականացման առավել նպաստավոր պայմաննների ապահովումը`
ՀԱՊՀ Գիտական խորհուրդը որոշում է.
- Ժամանակավորապես կասեցնել Համալսարանի բոլոր կրթական ծրագրերով սովորող ուսանողների ակադեմիական ցածր առաջադիմությամբ պայմանավորված հեռացումների գործընթացը:
- Արտակարգ դրության ավարտից և Համալսարանում ուսումնական գործընթացի վերսկսումից հետո ակադեմիական պարտքեր ունեցող ՀԱՊՀ բոլոր ուսանողների համար սահմանել մեկշաբաթյա լրացուցիչ լուծարքային ժամանակաշրջան։
- Համալսարանի ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված միջանկյալ քննություններն ընթացիկ կիսամյակի համար չեղարկել։ Ուսանողների գիտելիքների կիսամյակային գնահատումն իրականացնել բացառապես քննաշրջանային ամփոփիչ քննությունների կազմակերպմամբ՝ կիրառելով գումարային 100 միավորանոց ռեյթինգային սանդղակը։
- Ընթացիկ տարվա շրջանավարտների ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի և ատենախոսական աշխատանքների ղեկավարման գործընթացը կազմակերպել առցանց՝ առավելագույնս կիրառելով էլեկտրոնային գործիքամիջոցները՝ պահպանելով վերոնշյալ ժամանակացույցով նախատեսված ժամկետային պահանջները։
Հղում՝ ՀԱՊՀ Գիտական խորհրդի որոշում