Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համագործակցության շրջանակներում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողները մասնակցել են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված Solidworks-ի մասնագիտացված դասընթացին, որն իրականացրել է ՎՏԿ բիզնեսի զարգացման պատասխանատու Պատվական Հախինյանը:
Դասընթացը հաջողությամբ ավարտել է ութ ունկնդիր՝ որից չորսը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներ են:
Դասընթացի ընթացքում ուսանողները տիրպետեցին Solidworks ծրագրի հիմնական հնարավորություններին, այն է՝ ստեղծել դետալի եռաչափ մոդելը և դրա գծագիրը, սովորեցին բարդ մակերևութների կառուցում, մեքենաների և մեխանիզմների հավաքական մոդելներ և գծագրերի կառուցում, մեխանիզմների աշխատունակության ստուգում և անիմացիայի տարրեր: Դասընթացի ընթացքում ուսանողները կարողացել են գործնականում կիրառել և ընդլայնել բուհում ստացած գիտելիքները, ձեռք բերել համապատասխան հմտություններ և կարողություններ մասնագիտական բնագավառում:
Սեպտեմբերի 12-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ եռամսյա մասնագիտացված դասընթացը հաջողությամբ ավարտածների վկայականների հանձնման արարողությունը: Միջոցառման ընթացքում դասընթացի մասնակիցները ներկայացրին իրենց կատարած նախագծերը, ինչպես նաև՝ ծանոթացրին Solidworks ծրագրի հնարավորությունների հետ:
Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանն իր շնորհակալությունը հայտնեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնին՝ անվճար հիմունքներով դասընթացը կազմակերպելու, ուսանողների մասնագիտական կարողություններն ընդլայնելու և զարգացնելու համար: Պարոն Խառատյանը ողջունեց նման դասընթացների կազմակերպումը, նշեց, որ ուսանողները կարող են իրենց ստացած գիտելիքները և գործիքակազմը կիրառել կուրսային, դիպլոմային աշխատանքներում, ինչպես նաև՝ հետագա աշխատանքային կարիերայում: Հավելեց, որ համագործակցության արդյունքում ստեղծվել է ժամանակակից գիտակրթական, նորաստեղծային միջավայր՝ միտված ժամանակակից պահանջներին համահունչմասնագետների պատրաստմանը:
Վերջում կատարվեց նոր դասընթացին մասնակցել ցանկացողների հավաքագրում: