×

Դիպլոմների հանձման արարողությունը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ ավարտական
դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Տոնական օրն սկսվեց Հայաստանի հանրապետության և Պոլիտեխնիկի օրհներգներով։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, Հայաստանի ճարտարագիտական
ակադեմիայի իսկական անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ պարոն Արմեն Խառատյանը․

-Այս տարի ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղն ունեցել է աննախադեպ՝ շուրջ 200 շրջանավարտ՝ ավագ դպրոցից,
բակալավրիատից և մագիստրատուրայից։ Հատկանշական է, որ նրանք կրթություն են ստացել ժամանակակից
տեխնոլոգիական միջավայրում, որտեղ կենտրոնացած են ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը, Վանաձորի
մասնաճյուղը և մեր գործընկեր կազմակերպությունները, որոնցում մեր շատ ուսանողներ սովորելուն զուգահեռ,
կարողացել են աշխատել և իրագործել իրենց աշխատանքային կարիերան։
-Սիրելի, շրջանավարտներ, շնորհավորում ենք Ձեզ, այս կարևոր և հիշարժան օրվա առթիվ։ Այն խորհրդանշում է ոչ
միայն ուսումնառության մի կարևոր փուլի ավարտը, այլև՝ նոր ճանապարհի սկիզբը, որտեղ ձեզ սպասում են նոր
նպատակներ և նոր հնարավորություններ։


Պարոն Խառատյանը շնորհակալություն հայտնեց պրոֆեսորադասախոսական կազմին՝ տարիներ շարունակ նվիրված
աշխատանքի, կրթության և արժեքավոր գիտելիքներ փոխանցելու համար։
Մեր բուհի կարևորագույն ձեռքբերումներից մեկը գործատուների հետ ձևավորված ամուր և շարունակաբար
ընդլայնվող գործընկերային կապերն են։ Այդ համագործակցությունը հնարավորություն է տալիս ուսանողներին
ստանալ ոչ միայն որակյալ կրթություն, այլև ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին, մասնակցել
մասնագիտական պրակտիկաների և զարգացնել իրենց հմտությունները։ Մասնաճյուղի հարգարժան գործընկերները
եկել էին կիսելու մեր շրջանավարտների այս կարևոր և հիշարժան օրը և ողջույնի, շնորհավորանքի խոսքով հանդես
եկան՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղի կառավարչի տեղակալ Արման Մամաջանյանը, «Բիզնես
Աջակից» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Սեդա Ղազարյանը, «Մայքրոչիփ Արմենիա» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղի
պատասխանատու, ավագ ինժեներ Էլեոնորա Մաթևոսյանը։


Տոնական միջոցառումը զարդարեցին Վանաձորի «Տաթև» արվեստի կենտրոնի տաղանդավոր սաները իրենց
անզուգական և եթերային պարով։ Նշենք, որ «Տաթև» արվեստի կենտրոնի հիմնադիր տնօրենն է բազմավաստակ
Ֆլորա Ասոյանը, իսկ գեղարվեստական ղեկավարը՝ պարուհի Տաթևիկ Գալստյանը։
Շրջանավարտներին դիպլոմներ հանձնեցին Մասնաճյուղի տնօրեն, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Խառատյանը և
Ուսումնամեթոդական բաժնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Միքայել Նաջարյանը։

Սիրելի՛ շրջանավարտներ, թող այս դիպլոմը դառնա ձեր մասնագիտական ուղու վստահելի ուղեկիցը, նոր
հնարավորությունների և մեծ ձեռքբերումների մեկնակետը։