Ծրագիրն իրականացվում է Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարության Տեղական համագործակցության հիմնադրամի (FLC) ֆինանսական աջակցությամբ
Սույն թվականի մայիսի 14-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ «Դեբեդ–Խրամի գետավազանում անդրսահմանային կլիմայական գործողություններ» ծրագրի շրջանակում կազմակերպված շահագրգիռ կողմերի հանդիպումը։
Միջոցառումը միավորել էր պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով քննարկել Դեբեդ–Խրամի գետավազանում առկա կլիմայական և բնապահպանական մարտահրավերները, կլիմայական ռիսկերի կառավարման մոտեցումները, ինչպես նաև անդրսահմանային համագործակցության հնարավորությունները։
Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ջրհեղեղների և սելավների հետևանքներին, գետափերի էրոզիայի խնդիրներին, ջրային ռեսուրսների կառավարման կարևորությանը, գետեր թափվող թափոնների հիմնահարցերին, ինչպես նաև բնահեն լուծումների (NbS), համայնքային դիմակայունության, երիտասարդների ներգրավման և միջոլորտային համագործակցության զարգացման անհրաժեշտությանը։

Հանդիպումը բացել է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը՝ ընդգծելով կրթության և գիտական համագործակցության կարևոր դերը կլիմայական աղետների ռիսկերի կառավարման գործընթացներում։
Տեսակապով միջոցառմանը միացել և ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենը՝ կարևորելով ծրագրի անդրսահմանային բնույթը և նման նախաձեռնությունների ներդրումը տարածաշրջանային կայուն զարգացման գործում։ Դեսպանի ելույթին հաջորդել է վրացի գործընկեր Լելա Կիկնաձեի խոսքը, ով ներկայացրել է Վրաստանի լավագույն փորձը բնապահպանական և համայնքային ծրագրերի իրականացման ոլորտում։

Ծրագրի հայեցակարգն ու հիմնական ուղղությունները ներկայացրել է «Կայուն զարգացում» գիտահետազոտական ՀԿ-ի նախագահ Հայարփի Հակոբյանը՝ անդրադառնալով ծրագրի նպատակներին, նախատեսվող գործողություններին, ակնկալվող արդյունքներին և շահագրգիռ կողմերի ներգրավման նշանակությանը։
Միջոցառման շրջանակում անցկացվել է նաև պանելային քննարկում՝ «Ռիսկից դեպի գործողություն․ կլիմայական հարմարվողականությունը Դեբեդ–Խրամի անդրսահմանային գետավազանում» թեմայով, որին մասնակցել են պետական, միջազգային, մասնավոր և հասարակական հատվածների ներկայացուցիչներ։
Պանելային քննարկման մոդերատորն էր ՀԱՊՀ Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում բազային գիտահետազոտական լաբորատրորիայի ղեկավար Հայկ Իգիթյանը: Իգիթյանը քննարկումը բացեց համայնքների դիմակայունության ապահովման գործում ջրային ռեսուրսների առանցքային նշանակության և անդրսահմանային գետավազանային կառավարման կարևորության շեշտադրմամբ՝ ընդգծելով համագործակցության և համատեղ կլիմայական գործողությունների դերը կայուն զարգացման գործում։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ռիսկերի նվազեցման ջանքերում երիտասարդների ակտիվ ներգրավման կարևորությանը։
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Վերմիշյանը ներկայացրել է 2024 թվականի հեղեղների ընթացքում բիզնեսի առջև ծառացած մարտահրավերները և համայնքի հետ համագործակցության փորձը՝ ընդգծելով արագ վերականգնման և վնասների նվազեցման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Նազարեթյանը ներկայացրել է պետության կողմից կիրառվող մեխանիզմները կլիմայական և սեյսմիկ ռիսկերի կառավարման ոլորտում՝ հատկապես անդրադառնալով հեղեղների և սելավների կանխարգելման և կառավարման համակարգերին։


ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մարիա Մուրադյանը ներկայացրել է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող նախաձեռնությունները, անդրսահմանային համագործակցության մարտահրավերները և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման կարևորությունը։
Քննարկման ընթացքում ընդգծվել է նաև հասարակական կազմակերպությունների և երիտասարդների դերակատարությունը կլիմայական հարմարվողականության գործընթացներում և բնապահպանական պատասխանատու վարքագծի ձևավորման գործում։




Post Comment