Ապրիլի 14-ին ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում ”Orange Armenia”-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ: Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը: Նա նշեց, որ “Orange Armenia”-ի հետ համագործակցությունն արդեն երեք տարվա պատմություն ունի: 2011թ. կնքվել է համագործակցության համաձայնագիր, որի համաձայն` գրասենյակի կողմից մասնաճյուղում ստեղծվել է Օրանժի հատուկ անկյուն, որն ուսանողներին հնարավորություն է ընձեռում անսահմանափակ կերպով անվճար օգտվելու համացանցից: Օրանժը բուհում անցկացրել է սեմինարներ, բացի այդ՝ ուսանողներն ուսումնական պրակտիկան անցկացնում են Օրանժի գրասենյակներում՝ ստանալով որոշակի աշխատավարձ, որը նրանց հնարավորություն է տալիս հետագայում աշխատանքի անցնելու ընկերությունում: Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքների համար՝ Ա.Խառատյանը համոզմունք հայտնեց, որ սույն համագործակցությունն էլ ավելի կնպաստի ուսանողների առաջադիմության և հետագա կարիերայի աճին:
Այնուհետև մասնաճյուղի ուսանողները հարցեր ուղղեցին Ֆ.Ժելիբտերին: Վերջինս խոսեց Հայաստանյան գրասենյակի կատարած բարեգործական աշխատանքների մասին: Նշեց, որ Օրանժը Հայաստանում երեք կարգի աշխատանքներ է իրականացնում՝ առողջապահական, գյուղական համայնքների վերականգնման և ուսանողների կրթաթոշակների տրամադրման: Նա հավելեց, որ իրենք խիստ կարևորում են այն ուսանողներին ուսման հարցերում աջակցելը, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրենց գիտելիքները զարգացնելու համար: Նա հայտնեց, որ Օրանժը հիմնականում օժանդակություն է ցույց տալիս մարզերի ուսանողներին, քանի որ այդտեղ ավելի շատ են իրենց աջակցության կարիքն զգում:
Հանդիպման վերջում Ֆրանսիս Ժելիբտերը կրթաթոշակներ հանձնեց մասնաճյուղի տասը բարձրառաջադիմությամբ, սոցիալապես անապահով ուսանողներին:
Պատասխանել