ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ «Արմաթն օդում» ԱԹՍ-ների կրթական աշխատանոցի բացումը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ։ «Արմաթն օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական աշխատանոցի ծրագիրն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն է: Այն իրականացվում է ԱՏՁՄ-ը՝ «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության կողմից մշակված մեթոդաբանությանը համապատասխան: Աշխատանոցները նախատեսված են լինելու 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Դրանցում պատանիները ստանալու են անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։ «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են և՛ պտուտակավոր, և՛ թևավոր ԱԹՍ-ները։
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, ով նշեց, որ կարևոր է խթանել բարձր տեխնոլոգիական ոլորտի առանձին ուղղության՝ ավիացիոն ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրությունը աշակերտների և ուսանողների շրջանակում՝ մեջբերելով հայտնի խոսքերը, որ պատերազմում հաղթում են դեռ աշակերտական սեղանից։ «Արմաթն օդում» ծրագրի համակարգող Խաչատուր Թադևոսյանը ներկայացրեց լաբորատորիայի ստեղծման կարևորությունը, հագեցվածությունն ու կատարվելիք գործողությունները և Պոլիտեխնիկի բակում իրականացրեց անօդաչու թռչող սարքի փորձնական թռիչք։
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը ողջունեց հյուրերին, երախտիքի խոսք ասեց աշխատանոցի բացման կապակցությամբ և նշեց, որ Մասնաճյուղի առաքելություններից մեկը նորաստեղծային տեխնոլոգիաների զարգացումն է և այդ տեսակետից կարևորեց «Արմաթն օդում» լաբորատորիայի բացումը՝ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում։ Մեր կրթօջախը մշտապես պատրաստակամ է աջակցել ինժեներական մտքի և ծրագրերի իրականացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:
Հյուրերի շարքում էին ՀՀ Լոռու մարզի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը, ՀՀ Լոռու մարզի Զարգացման ծրագրերի զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Վանաձորի համայնքապետարանի Աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը, համայքնի ղեկավարի օգնական Արայիկ Նիազյանը, ՎՏԿ կրթական և ինժեներական ծրագրերի համակարգող և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մարզային համակարգող Եղիշե Սաֆարյանը, ՎՏԿ ծրագրերի համակարգող Աննա Հովհաննիսյանը, «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Սամվել Պետրոսյանը, գործընկեր կազմակերպությունների տնօրենները և այլ հյուրեր։
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները ողջունեցին հյուրերին իրենց ասմունքով, երգով ու հեզաճկուն պարերով։ Մասնաճյուղի ավագ դպրոցի Արմաթ ինժեներական լաբորատորիայի սան, բազում հաջողություններ գրանցած աշակերտուհի Մարգարիտա Համբարյանը ողջունեց հյուրերին և իր ոգևորող ելույթով կոչ արեց աշակերտներին իրենց գիտելիքն ու եռանդը ներդնեն ի նպաստ հայրենիքի։