Ապրիլի 3-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում մեծ շուքով նշվեց երկարամյա աշխատակից, բազմավաստակ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրանտ Գյուրջինյանի 90-ամյա հոբելյանը։



Դահլիճը լեցուն էր պրոֆեսորադասախոսական կազմով, նախկին և ներկա ուսանողներով, բարեկամներով և ընկերներով։ Հրանտ Գյուրջինյանը վաստակել է բոլորի սերն ու հարգանքը, շրջապատի համար բարության, բարեկրթության, իմաստության, տոկուն և ուժեղ լինելու օրինակ է։
Նրա աշխատանքը, որպես դասախոս ու գիտնական, անգնահատելի է, քանի որ նա ոչ միայն գիտելիքներ է փոխանցել ուսանողներին, այլև սովորեցրել է, թե ինչպես լինել ազնիվ, աշխատասեր ու պատասխանատու, ներշնչանքի աղբյուր է եղել սերունդների համար։ Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 130 գիտական հոդվածների, երկու դասագրքերի, երեք մենագրության, 10 ուսումնական ձեռնարկների և 11 մասնագիտական մեթոդական ցուցումների: Գիտամանկավարժական գործունեությանը զուգընթաց` Հրանտ Գյուրջինյանը նաև ստեղծագործել է․ բազում բանաստեղծությունների ժողովածուների և գեղարվեստական գրքերի հեղինակ է։




Տոնական միջոցառումն առավել գեղեցիկ երանգ ստացավ, երբ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողները, ավագ դպրոցի աշակերտները, կրտսեր Հրանտ Գյուրջինյանը կատարեցին Հրանտ Գյուրջինյանի ստեղծագործություններից։
Շնորհավորական ուղերձով հանդես եկան ՀԱՊՀ Վանաձորի Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, «Տեխնոլոգիաներ և ճյուղային տնտեսագիտություն» ամբիոնի դոցենտ Միշա Սիմոնյանը, «Մաթեմատիկա և ծրագրային ճարտարագիտություն» ամբիոնի դոցենտ Էդիկ Հարոյանը, «Տրանսպորտային համակարգեր» ամբիոնի վարիչ, դոցենտ Միքայել Նավոյանը, «Շինարարական Ճարտարագիտություն» ամբիոնի պրոֆեսոր Ռազմիկ Աթաբեկյանը, դոցենտ Վեներա Կլեկչյանը, դոցենտ Ալբերինա Գալստյանը, ովքեր մեծ երախտիքով խոսեցին Հրանտ Գյուրջինյանի հետ անցած ընկերության ուղու մասին, կարևորեցին Հրանտ Գյուրջինյանի մարդ տեսակն ու օրինակելի լինելը։



ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգայնացման գծով փոխտնօրեն Աշոտ Գյուրջինյանը Մասնաճյուղի տնօրենության կողմից Հրանտ Գյուրջինյանին հանձնեց շնորհակալագիր և հուշանվեր։
Շնորհավորանքներին միացան նաև ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը, ով շնորհակալագրով և հուշանվերով պարգևատրեց պարոն Գյուրիջինյանին, դոցենտ Լուսինե Աղաբաբյանը, արհեստակցական կազմակերպության նախագահ Տաթևիկ Մարգարյանը, ֆիզիկայի ուսուցչուհի Հենզել Նազարյանը, ուսանողական խորհրդի նախագահ Վարդան Շերմազանյանը։
Շնորհավորանքների տեղատարափ էր, շատ ու շատ մարդիկ հնչեցրին իրենց սրտի խոսքերն ու հարգանքի տուրք մատուցեցին պարոն Գյուրջինյանին։
Այս գեղեցիկ և կարևոր առիթը ամփոփեց Հրանտ Գյուրջինյանը՝ իր անսահման երախտիքի խոսքով, ասմունքով և երջանկությունից հուզվելով։

Վերջերս Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի Ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգայնացման գծով փոխտնօրեն Աշոտ Գյուրջինյանին, Ուսումնամեթոդական բաժնի վարիչ Միքայել Նաջարյանին, Արհեստակցական կազմակերպության նախագահ, արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանին։


Համայնքապետարանը և բուհը, նկատի ունենալով Վանաձորում ինժեներական ոլորտի զարգացման և ոլորտի համար որակյալ կադրերի պատրաստման համատեղ ջանքերի կարևորությունը, միմյանց հետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել, ինչը ամրագրեցին հուշագիր կնքելով։
Արկադի Փելեշյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ բուհի կարևոր դեր ունի տեխնոլոգիական զարցացման հեռանկար ունեցող քաղաքի համար։
Համայնքապետարանը և բուհը երկուստեք կարևորել են Վանաձորում ինժեներական ոլորտի զարգացման և ոլորտի համար որակյալ կադրերի պատրաստման համատեղ ջանքեր ներդնելը։
Գործնականում համագործակցությունը վաղուց է սկսվել, իսկ հուշագրով արձանագրում են նպատակներն ու ուղղությունները, որոնք են՝ Վանաձոր համայնքում ինժեներական նորարարությունների զարգացում, տնտեսական ներդրումների խթանում և քաղաքաշինության ոլորտի առաջխաղացում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացում՝ նորարարական ծրագրերի և կրթական նախաձեռնությունների միջոցով։



Ճարտարագիտական ոլորտի խորքային հետազոտությունների իրականացում՝ ոլորտային կարիքների և առաջնահերթությունների վերհանման նպատակով։ Ուսանողների պրակտիկաների արդյունավետ կազմակերպում՝ մասնագիտական հմտությունների ամրապնդման և աշխատաշուկայի պահանջներին համընթաց զարգացման ապահովման համար։ Ճարտարագիտական ոլորտի մասնագետներ պատրաստման համար բարենպաստ միջավայրի ստեղծում։
Բուհի Ուսումնամեթոդական բաժնի վարիչ Միքայել Նաջարյանը կարևորել է քաղաքի զարգացման պլանում երիտասարդների մասնագիտական ներուժը հաշվի առնելն և նպատակին ծառայեցնելը։
Արկադի Փելեշյանը և Աշոտ Գյուրջինյանը ստորագրել են հուշագիրը՝ ամրապնդելով համագործակցության պատրաստակամությունը։



ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի Ռոբոտատեխնիկայի լաբորատորիայում տեղի ունեցավ «Ռոբոտատեխնիկա և ալգորիթմական ծրագրավորում» դասընթացի վերջնարդյունքների ներկայացում։ Դասընթացավարը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Վարդան Շերմազանյանն էր, ով այդ ոլորտում ունի մեծ փորձ, որն իրականացնում է դասավանդման նորագույն մեթոդներով։



Ժամանակակից սարքավորումներով հագեցած Ռոբոտատեխնիկայի լաբորատորիայում աշակերտները 3 ամիս շարունակ ուսումնասիրել են Ռոբոտատեխնիկայի հիմունքները, ծրագրավորման տեխնոլոգիաները և թիմային աշխատանքի արդյունքում ստեղծել են իրենց ռոբոտները՝ Դոգին, Թրիքս Բոյը, Թաչին և Գիրո տանկը։ Աշակերտները ցուցադրեցին իրենց ռոբոտների կառուցվածքն ու գործառույթները։ Վերջիններս կարողացան և՛ տեսականորեն, և՛ գործնականում ներակայացնել իրենց պրոյեկտները։
Նմանօրինակ դասընթացների նպատակն է՝ նախագծումից մինչև արտադրանք, և հպարտորեն կարող ենք ասել, որ մեր աշակերտների մոտ դա հաջողվում է՝ ըստ իրենց գրանցած արդյունքների։



Այս ամենը հնարավորություն է տալիս աշակերտներին ընդլայնել տվյալ ոլորտի գիտելիքները, զարգացնել նրանց տեխնիկական և ստեղծարար հմտությունները։
Վերջում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը աշակերտներին հանձնեց հավաստագրեր՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։



ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը շարունակելու է խթանել ուսանողների մասնագիտական զարգացմանը՝ ընձեռելով նրանց նոր հնարավորություններ։


ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում, STEM գիտելիքների խթանման նպատակով ստեղծված «Պոլիտեխնիկ. ստեղծարար միտք, հմուտ ձեռքեր» խմբակի շրջանակներում, շարունակվում են ուսանողների համար անվճար հիմունքներով կազմակերպվող դասընթացները, որոնք անցկացվում են ժամանակակից սարքավորումներով հագեցած Ռոբոտոտեխնիկայի և Ինժեներական լաբորատորիաներում։



Նպատակ ունենք արտալսարանային դասընթացների միջոցով ընդլայնել ուսանողների գիտելիքները, զարգացնել նրանց տեխնիկական և ստեղծարար հմտությունները։
Թեստավորման փուլն անցած ուսանողները վերջերս մասնակցել են Եռաչափ մոդելավորման դասընթացին, որը վարել է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի շրջանավարտ և աշխատակից Շավարշ Ոսկանյանը։ Դասընթացի շրջանակներում ուսանողները ձեռք են բերել եռաչափ մոդելավորման հիմունքային գիտելիքներ։
Դասընթացի ավարտին ուսանողները ներկայացրին իրենց ստեղծած պրոդուկտները, ովքեր օգտվել էին նորագույն տեխնոլոգիաներից և տվել էին նորարարական և ստեղծարար լուծումներ։



Այս ամենը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև կարողանալ դրանք գործնականորեն կիրառել։
Վերջում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի Ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգայնացման գծով փոխտնօրեն Աշոտ Գյուրջինյանը հավաստագրեր հանձնեց դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներին, Ուսումնամեթոդական բաժնի վարիչ Միքայել Նաջարյանը շնորհավորեց ուսանողներին, հորդորեց լինել առաջադեմ և նախաձեռնող։
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը շարունակելու է խթանել ուսանողների մասնագիտական զարգացմանը՝ ընձեռելով նրանց նոր հնարավորություններ։



Սույն թվականի նոյեմբերի 13-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալեց USAID/OTI (ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության/Անցումային նախաձեռնությունների գերասենյակի) հայաստանյան ներկայացուցիչ Ջոն Գատտորնին, Հայաստանի աջակցման ծրագրի (ՀԱԾ) ղեկավար Ռանա Դադանյանին և ՀԱԾ այլ աշխատակիցներին, ովքեր շրջայց կատարեցին նոր լաբորատորիաներով։ Վերջիններս տեղեկացան Ռոբոտատեխնիկայի և Ինժեներական լաբորատորիաներում կազմակերպվող դասընթացների, սովորողների հավաքագրման փուլի, նրանց ինտեգրման մասին, ծանոթացան նաև դասընթացավարների հետ, ովքեր հանգամանորեն պատասխանեցին հետաքրքրող հարցերին։



Ինչպես գիտեք, STEM գիտելիքների խթանման նպատակով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում ՀԱՊՀ անմիջական միջնորդությամբ և USAID/OTI-ի աջակցությամբ ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած Ռոբոտատեխնիկայի և Ինժեներական լաբորատորիաներ, որտեղ և՛ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտները, և՛ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները մասնակցելու են անվճար հիմունքներով կազմակերպվող հետևյալ դասընթացներին՝
- Ռոբոտատեխնիկա և ալգորիթմական ծրագրավորում,
- Հետաքրքրաշարժ մաթեմատիկա,
- Python ծրագրավորման լեզու,
- Գրաֆիկ դիզայն,
- Էլեկտրոմեխանիկա,
- Եռաչափ մոդելավորում,
- Աշխատանք թվածրագրային հաստոցների հետ:
STEM խմբակներում կազմակերպվող դասերը կրելու են շարունակական բնույթ: Դասավանդելու են լավագույն փորձ և լավագույնս իրենց ոլորտին տիրապետող մասնագետներ՝ նորագույն մեթոդներով և գործիքակազմով:


USAID/OTI-ի և ՀԱԾ-ի ներկայացուցիչները տպավորված էին նորաստեղծ լաբորատորիաներով, նշեցին․ ուրախ են, որ կարողացել են ներդրում կատարել ինժեներական կրթության ոլորտում՝ ի նպաստ արցախահայ և պոլիտեխնիկցի աշակերտների զարգացմանը։
Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ մասնագիտությունների էքսպո՝ Ուսանողական խորհրդի նախագահ Վարդան Շերմազանյանի նախաձեռնությամբ, որի շրջանակներում Պոլիտեխնիկի տանիքի ներքո հավաքվել էին Վանաձոր քաղաքի ավագ և միջնակարգ դպրոցների 10, 11 և 12-րդ դասարանի աշակերտներ, տնօրեններ, փոխտնօրեններ և ուսուցիչներ։ Ներկա էին նաև մեր ավագ դպրոցի աշակերտներ։



Հանդիպման նպատակը ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտները ծանոթանան տարբեր մասնագիտությունների, կրթական ծրագրերի և կարիերայի հնարավորությունների հետ: Այս միջոցառումը հնարավորություն տվեց վերջիններիս հանդիպել համալսարանի մասնագետների, պրոֆեսորադասախոսական կազմի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի ավելի մանրամասն տեղեկություններ ստանան մասնագիտությունների պահանջների ու առկա աշխատաշուկայի պահանջների մասին:

ՊՈԼԻEXPO 2024-ում Մասնաճյուղի տարբեր ամբիոնները և մեր ավագ դպրոցը ներկայացրել են իրենց սեփական ներկայացուցչական տաղավարները, որտեղ ցուցադրել են իրենց կողմից առաջարկվող կրթական ծրագրերը, ուսումնական նյութերը, կիրառական նախագծերը, ինչպես նաև նորագույն սարքավորումները։ 200-ից ավել հյուրերը շրջեցին տաղավարներով, յուրաքանչյուր ամբիոնի ներկայացուցիչ, ինչպես նաև ընդգրկված ուսանողներ մանրամասն ներկայացրին իրնեց կողմից առաջարկվող մասնագիտությունները։ Մասնագիտական կողմնորոշումն իրականցվում էր ըստ մեր 5 մասնագիտությունների, այն է՝ «Տնտեսագիտություն», «Շինարարական ճարտարագիտություն», «Համակարգչային ճարտարագիտություն», «Ծրագրային ճարտարագիտություն» և «Մեքենաշինություն և Նյութերի մշակում»։

ՊՈԼԻEXPO 2024-ի շրջանակներում տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ գործընկեր կազմակերպությունների տնօրենների և ներկայացուցիչների հետ, ովքեր լավագույնս ներկայացրին իրենց ընկերությունը, առկա թափուր աշխատատեղերը և պահանջվող գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև՝ ընդգծեցին ինժեներական կրթության կարևորությունը։ Նշենք, որ հրավիրված գործատուների մեծ մասը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի հաջողակ կարիերայի ուղի կերտած շրջանավարտներն էին։
Հյուրընկալել էինք գործընկեր կազմակերպություններ՝ «ԷկոՎիլ» ՍՊԸ-ն, «Զելըս» ՍՊԸ-ն, «Գուրուս» ՍՊԸ-ն և «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի ներկայացուցիչներին, ովքեր թիրախային ներկայացրին իրենց ոլորտը և պոտենցիալ դիմորդներին ուղղորդեցին դեպի Պոլիտեխնիկ։



Շրջայց կատարեցինք նաև STEM գիտելիքների խթանման նպատակով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում ՀԱՊՀ անմիջական օժանդակությամբ և USAID Armenia-ի աջակցությամբ ստեղծված, ժամանակակից սարքավորումներով հագեցած Ռոբոտոտեխնիկայի և Ինժեներական լաբորատորիաներով, որտեղ և՛ արցախահայ աշակերտները, և՛ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները մասնակցելու են անվճար հիմունքներով կազմակերպվող դասընթացներին։
Վերջում 200-ից ավել մասնակիցներին բաժանվեցին Պոլիտեխնիկի բուկլետներ, թռուցիկներ, որպեսզի նրանք կարողանան լրացուցիչ ուսումնասիրել և որոշումներ կայացնել իրենց կրթական ուղղվածության վերաբերյալ:
Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալեց Ամերիաբանկի Վանաձորի մասնաճյուղի հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Հասմիկ Կայիկչյանին, ով մեր լավագույն շրջանավարտներից է, և հաճախորդների սպասարկման մենեջեր Անի Ներսեսյանին։


Ամերիաբանկի ներկայացուցիչները խոսեցին «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթ 160 կրթաթոշակ, 3 լավագույն նախագծի ֆինանսավորում, ուսումնական ճանապարհորդություն ծրագրերի մասին։

Ամերիաբանկը և VISA-ն հայտարարում են մրցույթ Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար, որի շրջանակներում բացահայտված լավագույն երիտասարդները հնարավորություն ունեն ստանալ 3 մրցանակ. 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում` ընդհանուր մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով, 10 լավագույնների համար հնարավորություն` մեկնելու հետաքրքիր ճանապարհորդության աշխարհի լավագույն բուհերից մեկը, 160 կրթաթոշակ` ամսական 50,000 դրամի չափով 5 ամիս շարունակ։
Մանրամասն ներկայացվեց դիմելու ընթացակարգը, պայմանները և խոսվեց նաև դիմելու և ամփոփման վերջնաժամկետների մասին։
Նշենք, որ ուսանողները բավականին հետաքրքրվածություն ցուցաբերեցին և գրանցվեցին ծրագրին, որպեսզի հետագայում մասնակցեն մրցույթին և ներկայացնեն իրենց նորարարական գաղափարները։
Սույն թվականի հոկտեմբերի 9-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալել էր «Արշավներ Ակումբ»-ի հիմնադիր տնօրեն՝ Ռուբեն Բաղդիշյանին։ Թիրախային խումբը «Տնտեսագիտություն» մասնագիտության ուսանողներն էին։ Ռուբենն ուսանողներին ներկայացրեց իր՝ հաջողակ ձեռնարկատիրոջ ուղին, խոսեց ընկերության ստեղծման պատմությունից, սկզբում ինչ դժվար ճանապարհ է անցել և արդյունքում ինչ հաջողություններ է գրանցել, խոսեց նաև արդեն հաջողված պրոյեկտների և դրանց տեսլականի մասին։


Ուսանողներին իսկապես ոգևորեց Ռուբենի ելույթը, ոգեշնչող պատմությունները, վերջինս խորհուրդներ տվեց նաև մեր ուսանողներին, թե ինչից սկսեն, որպեսզի դառնան ոլորտի մասնագետ, դառնալուց հետո ինչպես հաջողել, ինչ մոտեցումներ ցուցաբերել անհատների հետ շփվելիս։ Ռուբենը խոսեց նաև ինքնակրթվելու կարևորության, շարունակաբար պրակտիկ գիտելիքներ, նոր հմտություններ ձեռք բերելու և տարատեսակ սեմինարներին, աշխատաժողովներին մասնակցելու մասին։
Ռուբենը պատմեց, որ բազում առաջարկներից և փորձերից հետո իրենց ընկերության՝ «Արշավներ Ակումբ»-ի խորհրդանիշը ընտրել են քարայծը, որը լավագույնս ներկայացնում է հայկականությունը, լեռների վեհ կեցվածքը և հայի պայքարող տեսակը, այնպիսի խորհրդանիշ են ընտրել, որպեսզի ոչ ոք երբևէ չշփոթի։
Վերջում Ռուբեն Բաղդիշյանը հորդորեց ուսանողներին լինել համարձակ, համառ և չվախենալ գործ ձեռնարկելիս առաջինը լինելուց։

Նշենք, որ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը պարբերաբար կազմակերպելու է հանդիպումներ՝ թիրախային խմբերի հետ՝ ըստ ոլորտային մասնագիտությունների։
Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտներ՝ Նարե Դալլաքյանը, Սարգիս Առաքելյանը և Արես Մելիքսեթյանը Koreez-Armath ճարտարագիտական մրցույթում զբաղեցրել են լավագույն տասնյակը։


Առանձնակի շնորհավորում ենք Նարե Դալլաքյանին՝ Koreez-Armath ճարտարագիտական մրցույթում 1-ին պատվավոր հորիզոնականը զբաղեցնելու համար։

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի, Արմաթի խմբավար Արաքսյա Բալյանին՝ իր անձնվեր աշխատանքի համար։

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում՝ Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած երկու ուսանողների հետ։


«Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներ Գոռ Խուրշուդյանը 2024թ․-ի գարնանային կիսամյակում սովորել է Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում, իսկ Վարդան Թաթոսյանը 2024թ․-ի գարնանային կիսամյակում սովորել է Իսպանիայի Գրանադայի համալսարանում։
Ուսանողները կիսվեցին իրենց փորձով, ներկայացրին, թե ինչ տվեց իրենց փոխանակման ծրագրին մասնակցությունը, ինչ նոր անձնային հմտություններ են ձևավորել, խոսեցին ձեռք բերված գիտելիքներից, ուսումնական գործընթացում կիրառված նոր մեթոդներից և, իհարկե, միջմշակութային հարաբերություններից։
Վերջիններս նշեցին, որ արտասահմանյան բուհերում մեծամասամբ իրականացվում են գործնական դասեր, քանի որ շեշտը դրված է ուսանողների պրակտիկ ունակությունները զարգացնելու վրա։
Միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ուսանոնղները նաև ընդհանուր տեղեկություն տվեցին շարժունությանը մասնակցելու համար, այն է՝ ուսանողները պետք է տիրապետեն սահուն անգլերենին, հետևեն մայր բուհում պարբերաբար հրապարակվող Էրազմուս+ ուսանողների շարժունության մրցույթի հայտարարություններին, մրցույթն անցնելուց հետո պետք է իրականացնել հյուրընկալող բուհի առաջարկած դասընթացների և մայր բուհի ուսումնական ծրագրի առարկաների կրթական վերջնարդյունքների համադրելիությունը և կուտակված կրեդիտների փոխճանաչումը:

Բակալավրի դիմորդները կարող են շարժունության մրցույթին դիմել երկրորդ կուրսից ներառյալ, իսկ ավարտական կուրսի ուսանողները շարժունության ծրագրին մասնակցել չեն կարող: Ուսանողների շարժունության տևողությունը կարող է տևել նվազագույնը 2 ամսից մինչև առավելագույնը 12 ամիս:
Հանդիպման նպատակն էր ուսանողների շարժունության խթանումը կրթության զարգացման համար՝ հիմնված եվրոպական բուհերի լավագույն փորձի վրա։
Վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխանի ակտիվ փոխանակում: