ԲԱԼՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ ՎԱԼԵՐԻԻ
Համակարգչային լաբորատորիայի վարիչ
- Կազմակերպում և ղեկավարում է համակարգչային լաբորատորիայի աշխատանքը։
- Մշակում և իրականացնում է Լաբորատորիայի ռազմավարական և տարեկան ծրագրերը։
- Վերահսկում է ՏՀՏ ենթակառուցվածքի արդյունավետ և անվտանգ շահագործումը։
- Համակարգում է աշխատակիցների գործունեությունը և կատարում է ներքին վերահսկողություն։
- Կազմակերպում է նոր ծրագրերի և համակարգերի փորձարկում։
- Աջակցում է աշխատակիցներին ուսումնական և վարչական ծրագրերի օգտագործման հարցում։
- Կառավարում և թարմացնում է Մասնաճյուղի պաշտոնական կայքը։
- Կազմակերպում է լաբորատորիաների օգտագործման ժամերի հավասարակշռված բաշխումը՝ հաշվի առնելով ամբիոնների և դասախոսների պահանջարկը։
- Իրականացնում է կիբեռանվտանգության միջոցառումներ։
- Կատարում է անվտանգության ռիսկերի վերլուծություն և տալիս է առաջարկություններ։
- Իրականացնում է Մասնաճյուղում առկա համակարգչային տեխնիկայի վերանորոգման կազմակերպումը, իսկ անհնարինության դեպքում ներկայացնում է զեկուցագիր Մասնաճյուղի տնօրենին։
- Ներկայացնում է բաժնի գործունեության հաշվետվություններ Մասնաճյուղի ղեկավարությանը։
Արաքսյա Վալերիի Բալյանը բազմամյա փորձով կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական կրթության մասնագետ է։ Նա հանդիսանում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղի համակարգչային լաբորատորիայի վարիչը և նույն մասնաճյուղի ավագ դպրոցի ԹԳՀԳ, Համակարգչային գիտություն (Python), և Ինֆորմատիկա առարկաների ուսուցչուհին։
Մասնագիտական գործունեություն և փորձառություն
Արաքսյա Բալյանի մասնագիտական ուղին սկսվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, որտեղ նա ստացել է ֆիզիկոսի և ֆիզիկայի ուսուցչի որակավորում։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ տարբեր ոլորտներում, այդ թվում՝
• Կրթության ոլորտ. 2014 թվականից ի վեր հանդիսանում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների
Միության (UATE) «ԱՐՄԱԹ» ճարտարագիտական աշխատանոցի խմբակավար՝ ուսուցանելով ռոբոտաշինության հիմունքներ և մասնակցելով բազմաթիվ ցուցահանդեսների ու մրցույթների։
2018-2021 թվականներին իրականացրել է ուսուցիչների և վարչական աշխատակիցների վերապատրաստումներ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի կողմից։
1998-2003 թվականներին աշխատել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում՝ որպես ծրագրավորող-օպերատոր և ինֆորմատիկայի ցիկլի դասախոս։
• Տեխնիկական և ծրագրային սպասարկում. 2008-2010 թվականներին աշխատել է Վանաձորի Պետական Մանկավարժական ինստիտուտի Նոր տեխնոլոգիաների ներդրման բաժնում՝ որպես բուհի համակարգչային տեխնիկայի ծրագրային և տեխնիկական սպասարկման մասնագետ։ 2010 թվականից մինչ այսօր աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում՝ որպես համակարգչային լաբորատորիայի վարիչ։ Նրա ղեկավարած ստորաբաժանումը պատասխանատու է բուհի համակարգչային տեխնիկայի տեխնիկական և ծրագրային սպասարկման, ինտերնետային կապի անխափան աշխատանքի և կայքի համակարգման համար։
• Լոգիստիկա և բիզնես. 2004-2008 թվականներին աշխատել է որպես լոգիստիկայի օպերատոր “Procter & Gamble” ֆիրմայի պաշտոնական ներկայացուցչությունում։
Շարունակական կրթություն և հմտություններ
Արաքսյա Բալյանն առանձնանում է իր տեխնոլոգիական զարգացմանը միտված շարունակական կրթությամբ։ Նա հաջողությամբ ավարտել է բազմաթիվ մասնագիտական դասընթացներ, այդ թվում՝
• Ծրագրավորման լեզուներ. Python, JavaScript, ReactJS, Java և Android տեխնոլոգիաներ։
• Նորարարական տեխնոլոգիաներ. «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի տարբեր վերապատրաստումներ։
• Միջազգային վերապատրաստումներ. Մասնակցել է Tempus նախագծերին, Գերմանիայի (University of Koblenz-Landau) ամառային ակադեմիային և Մոլդովայում կայացած «Youth in Action» ծրագրին։