Անցած ուղին
ՀԱՊՀ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է 10000-ից ավելի շրջանավարտ: Նրանց շարքում են ՀՀ ԱԺ պատգամավորներ, մարզային և քաղաքային համայնքների ղեկավարներ, գործարանների տնօրեններ, արտադրության կազմակերպիչներ, մեքենաշինության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների և բանկային համակարգերի, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտների գլխավոր ճարտարագետներ, առաջատար մասնագետներ:

Մասնաճյուղը 65 տարի շարունակ հազարավոր մասնագետներ է պատրաստել քաղաքաշինության, մեքենաշինության, թեթև արդյունաբերության, քիմիական տեխնոլոգիաների, ավտոմատիկայի, ինչպես նաև` ծրագրային ճարտարագիտության, տնտեսագիտության և այլ բնագավառներում: 65 տարուց ի վեր այս քաղաքը կառուցել են ու շարունակում են շենացնել մեր շինարարն ու ինժեները, ճարտարագետն ու ճարտարապետը: Բուհի պատրաստած բարձրակարգ մասնագետներն իրենց մեծ ավանդն ունեն ոչ միայն մեր մարզի, այլև երկրի արդյունաբերության, ինչպես նաև՝ գիտության տարբեր ճյուղերի զարգացման գործում:


Պոլիտեխնիկը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության առաջատար բուհերից մեկը, որը ստացել է եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրում: Այժմ Պոլիտեխնիկը Հայաստանի ամենահզոր ճյուղային կառուցվածք ունեցող տեխնոլոգիական բուհն է: Միջազգային ճանաչելիություն ունեցող մեր բուհն ամեն տարի կյանք է ճանապարհում իր շրջանավարտներին և գրկաբաց ընդունում նոր սաներին։
Մասնաճյուղը Լոռու տարածաշրջանի տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտական կրթության և գիտության կենտրոնն է: Այսօր ուսանողները սովորում են մի գեղեցիկ կրթական միջավայրում, որտեղ մեկտեղված են ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը, նրա ավագ դպրոցը և մի շարք գործընկեր կազմակերպություններ: Սա կրթության, գիտության, տեխնոլոգիայի և նորաստեղծության մի յուրօրինակ միջավայր է, որը հնարավորություն է տալիս աշակերտներին, ուսանողներին կերտել իրենց ճարտարագիտական կարիերան՝ սկսած աշակերտական նստարանից մինչև բարձրակարգ մասնագետներ՝ ապահովված բարձր վարձատրվող աշխատատեղերով:
Մասնաճյուղում աշխատում են 54 դասախոսներ, նրանցից 19-ն ունեն գիտական աստիճան, այդ թվում՝ 3 դոկտորներ: Լավագույն շրջանավարտներն ուսումը շարունակում են մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, ինչպես նաև արտերկրում՝ ստանալով մագիստրոսի, ճարտարագետ-հետազոտողի որակավորում:
Մասնաճյուղն ունի տարածաշրջանային գործընկերների մեծ ցանց՝ ավելի քան 50 ձեռնարկություններ:
STEM գիտելիքների խթանման նպատակով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում USAID Armenia-ի աջակցությամբ և ՀԱՊՀ-ի անմիջական միջնորդությամբ ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած Ռոբոտատեխնիկայի և Ինժեներական լաբորատորիաներ, որտեղ և՛ արցախահայ աշակերտները, և ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները մասնակցում են անվճար հիմունքներով կազմակերպվող մի շարք ոլորտային դասընթացներին։
Մասնաճյուղում գործում են համակարգչային, ֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի, շինանյութերի, քիմիայի, տրանսպորտային միջոցների կառուցվածքի, ճանապարհային երթևեկության կանոնների, մեքենաշինության տեխնոլոգիայի, արգելակային սարքավորումների և հարմարանքների ուսումնագիտական արհեստանոց-լաբորատորիա, շփագիտության գիտահետազոտական լաբորատորիա, սմարթ լաբորատորիա, գրաֆիկայի, երկրաբանության կաբինետներ, անգլիախոսների ակումբ, տեխնոլոգիական կարողություններով լսարաններ, էլեկտրոնային ընթերցասրահ, ռոբոտատեխնիկական խմբակ, Անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոց, ինժեներական և ռոբոտատեխնիկայի նորագույն լաբորատորիաներ, փակ և բացօթյա մարզահրապարակներ: Բոլոր մասնաշենքերում առկա է Wi-Fi ինտերնետային կապ: Հարութ Պրոնոզյանի անվան լսարանն ունի տեխնիկական հնարավորություններ՝ օնլայն տարբերակով լսելու մայր կրթօջախում անցկացվող դասախոսություններ, կատարել վիրտուալ փորձեր։ Գործում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գերժամանակակից Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) մասնաճյուղը՝ մեքենագիտության, ֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի գծով, որը ստեղծվել է «Արդիական, միասնական Պոլիտեխնիկ» դրամաշնորհի շրջանակներում:
Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը գործում է 1996 թվականից: Շրջանավարտների գերակշիռ մասը համալրել և համալրում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական համակազմը: Շրջանավարտներից 7-ը գիտությունների թեկնածու են դարձել: Ավագ դպրոցում ակտիվ գործում է ռոբոտաշինության խմբակ, որն ունեցել է բազմաթիվ նվաճումներ և հաղթանակներ: Ավագ դպրոցի ընտրված աշակերտները սովորում են Yandex-ի Ծրագրավորման դպրոցում, այն կրթական ծրագիր է` նախատեսված 9-11-րդ դասարանների աշակերտների համար:
Մասնաճյուղը հարուստ փորձ ունի նաև միջազգային ծրագրերում (DIUSAS, PICQA, ARARAT, INARM)։ Մասնաճյուղի դասախոսական կազմը և ուսանողությունը ակտիվ մասնակցություն ունեն ERASMUS+ միջազգային փոխանակման ծրագրերին։
Մասնաճյուղում ավանդույթ են դարձել ուսանողական ամենամյա գիտաժողովների կազմակերպումը և լավագույն աշխատանքների խրախուսումը:
Մասնաճյուղի շրջանավարտների գերակշիռ մասն աշխատում է գործընկեր կազմակերպություններում։