×

Տեղեկատվական հանդիպում «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության ներկայացուցիչների հետ

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները և ուսանողները հանդիպում ունեցան «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրենի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ, ովքեր, լինելով մեր շրջանավարտները, եկել էին կիսվելու իրենց փորձով և հաջողություններով:

Ընկերությունը նպատակ ունի մեծացնել ինժեներական ներուժը ՀՀ շրջաններում. այս կապակցությամբ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է անվճար դասընթացներ, և ուսումնառության ամբողջ ընթացքում ուսանողները ստանում են կրթաթոշակ։ Դրանց թվում գերակշռող մաս են կազմում Մասնաճյուղի ուսանողները:

Ընկերության տնօրեն Սամվել Պետրոսյանը ներկայացրեց ընկերության հիմնադրման պատմությունը, գործունեությունը և հեռանկարները:  Նշեց, որ ընկերության և Մասնաճյուղի սերտ կապը ունի տարիների պատմություն և կարևորեց այդ բեղմնավոր համագործակցությունը: Սկզբնական շրջանում ընկերության կողմից կազմակերպված դասընթացները անց են կացվել Մասնաճյուղում, որի արդյունքում շատ ուսանողներ մասնակցել են դասընթացներին, հետագայում անցել աշխատանքի և ձեռք են բերել մեծ փորձ՝ Ինստիգեյթ ՓԲԸ-ում ներդրված սարքերի ծրագրային ապահովման մշակման և իրականացման ոլորտներում։ Նշենք նաև, որ ընկերությունում աշխատողների գերակշռող մասը Պոլիտեխնիկի շրջանավարտներ և ուսանողներ են:

Քննարկվեցին բազում հանդիպումներ, դասընթացներ, վերապատրաստումներ իրականացնելու հեռանկարային ծրագրեր, որոնք երկուստեք փոխշահավետ նպատակ կհետապնդեն:

Շնորհակալություն ենք հայտնում «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությանը՝ հետաքրքիր և բովանդակալից հանդիպում իրականացնելու համար: