ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալել է իսպանացի գործընկերներին

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Իսպանիայի CPIFP Los Enlaces կրթական կենտրոնի համագործակցության շրջանակում, օրերս հյուրընկալել էր Սարագոսա քաղաքում գործող մասնագիտական կրթության պետական կենտրոնի պատվիրակությանը։
Մասնաճյուղի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Խառատյանը և իր թիմը իսպանացի գործընկերներին համապարփակ ներկայացրին բուհի ակադեմիական, գիտահետազոտական և միջազգային գործունեությունը՝ մանրամասն անդրադառնալով կրթական ծրագրերին ու իրականացվող նախագծերին։

Այցի ընթացքում հյուրերը ծանոթացան Ռոբոտաշինության և Ինժեներական լաբորատորիաների
հնարավորություններին. Ռոբոտաշինության լաբորատորիայում հյուրերը մասնակցեցին «Արհեստական բանականություն» առարկայի դասին, դասախոս՝ տ.գ.թ. Նարեկ Հովհաննիսյան, որտեղ ներկայացվում էին մեքենայական ուսուցման մեթոդներն ու դրանց կիրառությունները։ Նրանք ուսումնասիրեցին «Պոլիտեխնիկ․ ստեղծարար միտք, հմուտ ձեռքեր» խմբակի շրջանակում ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների թիմային աշխատանքի արդյունքում ստեղծված նախագծերը։
Ինժեներական լաբորատորիայում Մասնաճյուղի ավագ դպրոցի «AI Generation» (ԱԲ սերունդ) խմբակի աշակերտները ուսուցիչ-առաջնորդների ուղեկցությամբ ներկայացրին իրենց նախագծային աշխատանքները։


Ուսուցիչ-առաջնորդ Արաքսյա Բալյանը մանրամասն ներկայացրեց «AI Generation» (ԱԲ սերունդ) կրթական ծրագիրը, որի նպատակն է ստեղծել արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում հետազոտողի և նորարարի ողջ կրթական ուղին դպրոցից մինչև դոկտորական մակարդակ։ Աշակերտներն այս ծրագրի ընթացքում սովորում են Python ծրագրավորման լեզու և ԱԲ-ի հիմունքներ, խորացնում են մաթեմատիկայի իմացությունը՝ հետաքրքիր
մեթոդաբանությամբ ու կիրառական օրինակներով և իրականացնում են սեփական նախագծերը։
Իսպանացի հյուրերը հանդես եկան իրենց հետաքրքրող հարցերով և տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում։
Հանդիպումն ավարտվեց՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը ուսումնական և գիտական ոլորտում։



Post Comment