Համագործակցություն «Գեոքարտ» նախագծային ընկերության հետ
Այսօր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Խառատյանը համագործակցության պայմանագիր ստորագրեց «Գեոքարտ» նախագծային ընկերության հետ, որը ղեկավարում է Պոլիտեխնիկի լավագույն շրջանավարտներից մեկը՝ Նարեկ Թովմասյանը։


«Գեոքարտ» ՍՊԸ-ն գործում է 2019 թվականից։ Ընկերության գործունեության ոլորտներն ընդգրկում են այգիների և պուրակների, ավտոճանապարհների նախագծում և կառուցում, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման համակարգերի նախագծում, ինչպես նաև գեոդեզիական և երկրաբանական հորատման աշխատանքներ։ Նշենք, որ ընկերության աշխատակիցները ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի շրջանավարտներ և մագիստրատուրայի ուսանողներ են։ «Գեոքարտ» նախագծային ընկերության աշխատանքներն իրականացվում են ՀՀ ողջ տարածքում։
Հանդիպմանը ներկա էին նաև «Շինարարական ճարտարագիտություն» ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգայնացման գծով փոխտնօրեն Աշոտ Գյուրջինյանը և արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը։

Պարոն Խառատյանն իր խոսքում նշեց, որ կարևորում է բուհ-գործատու սերտ կապը և փոխշահավետ համագործակցությունը, երբ գործատուն պատրաստակամ է իր գործնական փորձն ու ռեսուրսները փոխանցել ուսանողներին՝ նրանց պատրաստելով աշխատաշուկայի պահանջներին համընթաց։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց «Գեոքարտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Թովմասյանին ընդգրկել ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի դասախոսական կազմում։


Համագործակցության պայմանագրի շրջանակներում «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտության ուսանողները մասնագիտական պրակտիկա կանցնեն «Գեոքարտ» ընկերությունում, իսկ լավագույն ուսանողները հետագայում կստանան աշխատանքի հնարավորություն։



Post Comment