«Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում
Օրերս ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալեց «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին։
Նրանց թվում էր նաև մեր լավագույն շրջանավարտներից մեկը՝ Վարդան Շերմազանյանը, ով ներկայումս ծրագրում ներգրավված է որպես ուսուցիչ-առաջնորդ։ Այցի նպատակն էր ուսանողներին իրազեկել ծրագրի առաքելության, դիմելու կարգի և դրա ընձեռած հնարավորությունների մասին։
Տարիների համագործակցության փորձը ցույց է տվել, որ Պոլիտեխնիկի շրջանավարտներն աչքի են ընկնում իրենց ինժեներական և ստեղծագործական հմտություններով ու մտածողությամբ։ Նշենք, որ մեր շրջանավարտները, բացի դասավանդվող առարկաներից, ղեկավարում են նաև ռոբոտաշինության, ձեռնարկատիրության և այլ ուղղվածությունների խմբակներ։
«Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրը հավաքագրում և վերապատրաստում է համալսարանների շրջանավարտներին որպես ուսուցիչ-առաջնորդներ, այնուհետև երկու տարով գործուղում Հայաստանի մարզային դպրոցներ։ Ծրագրի գերնպատակն է ստեղծել հավասար կրթական հնարավորություններ բոլոր երեխաների համար։
Հուսով ենք, որ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողները ևս իրենց ներդրումը կունենան այս ծրագրում՝ կիրառելով համալսարանում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։



Post Comment