Միջազգային ծրագրեր
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողների մասնակցությունը Մեդիագրագիտության միջազգային անվճար դասընթացին

Մեդիագրագիտության միջազգային անվճար դասընթացին
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Գոռ Խուրշուդյանը և Մարտուն Բաբայանը հոկտեմբերի 11-18-ը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի հետ համագործակցության շրջանակներում, մասնակցեցին միջազգային անվճար դասընթացին։
Միջոցառումը, որը կրում էր «Կամրջելով ձայները. մեդիագրագիտություն, համայնքային երկխոսություն և երիտասարդների մասնակցություն» (Bridging Voices – Media Literacy, Community Dialogue & Youth Participation) խորագիրը, տեղի ունեցավ Թբիլիսիում (Վրաստան)՝ Erasmus+ ծրագրի շրջանակում։ Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն էր։
Դասընթացը հնարավորություն տվեց ուսանողներին խորացնել գիտելիքները մեդիագրագիտության, տեղեկատվության ստուգման և թվային անվտանգության ոլորտներում։ Մեր ուսանողները մասնակցեցին նաև միջմշակութային միջոցառումների, խմբային աշխատանքների և քննարկումների։

Միջոցառումը նպաստեց ուսանողների հաղորդակցական և թիմային հմտությունների զարգացմանը, միջազգային փորձի փոխանակմանը և նոր կապերի ձևավորմանը։ Գոռը և Մարտունը նշում են, որ վերադառնում են նոր գաղափարներով՝ պատրաստ տեղայնացնելու ձեռք բերած գիտելիքները իրենց համալսարանում՝ խթանելով մեդիագրագիտության և միջազգային ծրագրերին ակտիվ մասնակցության մշակույթը։
Erasmus+ KA171 աշխատակազմի փոխանակման ծրագիր

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի Որակի ապահովման և արտաքին կապերի բաժնի վարիչ, Հումանիտար գիտությունների, ընդհանուր տնտեսագիտության և մարմնակրթության ամբիոնի դասախոս Արուսյակ Մադոյանը 2025 թ. սեպտեմբերի 22–26-ը մասնակցել է Erasmus+ KA171 աշխատակազմի փոխանակման ծրագրի շրջանակներում կազմակերպված միջազգային շաբաթին, որն անցկացվել է Իտալիայի Կիետի–Պեսկարայի G. D’Annunzio համալսարանում։
Միջոցառմանը ներգրավված էին ավելի քան 40 մասնակիցներ 15 երկրներից (Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Լատվիա, Իտալիա, Պորտուգալիա, Լեհաստան, Ռումինիա, Ֆինլանդիա, Թուրքիա, Շվեդիա, Հայաստան, Չինաստան, Վիետնամ և Իռլանդիա)։ Բացման նիստում համալսարանի պրոֆեսոր Մարչելո Կոնստանտինին անդրադարձավ համալսարանի կրթական և գիտահետազոտական ներուժին՝ ընդգծելով բազմակողմ համագործակցության նշանակությունը։

Միջազգային շաբաթվա շրջանակում քննարկվեցին բուհերի միջև համագործակցության լավագույն փորձերը, լաբորատոր և հետազոտական ենթակառուցվածքների արդյունավետ կիրառման մեխանիզմները, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորման ներգրավման հնարավորությունները։ Ներկայացված նյութերը նպաստեցին մասնակիցների միջև գիտելիքի փոխանակմանն ու նորարարական կրթական և հետազոտական մոտեցումների զարգացմանը։
Արուսյակ Մադոյանի մասնագիտական ներգրավվածությունը միջազգային շաբաթին ներառեց մի շարք քննարկումներ և դասախոսություններ՝ նվիրված բարձրագույն կրթության միջազգայնացմանը, գիտահետազոտական ծրագրերի կառավարմանը և եվրոպական կրթական միջավայրի զարգացման միտումներին։ Ուշագրավ էր INGENIUM Եվրոպական համալսարանների դաշինք նախագծի ներկայացումը, որի նպատակն է խթանել համատեղ կրթական և հետազոտական նախաձեռնություններ։
Մասնակցությունը ոչ միայն ամրապնդեց Վանաձորի մասնաճյուղի կապերը եվրոպական գործընկերների հետ, այլև ստեղծեց համագործակցության նախադրյալներ ապագա գիտական նախագծերի և ուսանողական շարժունության ծրագրերի համար։ Ստացված փորձառությունը և հաստատված կապերը կարող են կարևոր դեր ունենալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջազգայինացման ռազմավարության իրականացման, ինչպես նաև կրթական և հետազոտական ներուժի զարգացման գործընթացում։
Այս մասնակցությունը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի և Իտալիայի Կիետի–Պեսկարայի G. D’Annunzio բարձրագույն կրթական հաստատությունների միջև համագործակցային հարաբերությունների խորացման հերթական քայլ, որն ունի նշանակալի ազդեցություն գիտելիքահեն տնտեսության ձևավորման և միջազգային գործընկերային ցանցերի ընդլայնման համար։



ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողի ուսումնառությունը Գերմանիայում՝ «Erasmus+» կրթական ծրագրի շրջանակում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրի երրորդ կուրսի ուսանող Երվանդ Հարությունյանը 2024-2025 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը անցկացրել է Գերմանիայում՝ «Erasmus+» KA1 ուսանողական շարժունության միջազգային ծրագրի շրջանակում։

Երվանդը ուսանել է Գերմանիայի Գելզենկիրխենի Վեստֆալյան տեխնոլոգիական համալսարանում՝ մասնակցելով տնտեսագիտության արդիական դասընթացների։ Դասընթացները նպատակաուղղված են եղել գործնական հմտությունների զարգացմանը՝ հիմնված եվրոպական կրթական լավագույն փորձի վրա։
Վերադառնալով հայրենիք՝ Երվանդ Հարությունյանը հանդիպում ունեցավ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի հետ և կիսվեց իր վառ տպավորություններով։ Նա նշեց, որ «Erasmus+» ծրագրին մասնակցությունը իր կյանքի ամենակարևոր փորձառություններից մեկն է, որն ամրապնդել է թե՛ մասնագիտական, թե՛ անձնային հմտությունները։

«Այս հնարավորությունը ուսանողների համար բացում է նոր հորիզոններ, նպաստում է ինքնակատարելագործմանը և աշխարհայացքի ընդլայնմանը»,– նշեց Երվանդը՝ իր խորին շնորհակալությունը հայտնելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին և Մասնաճյուղին՝ նման բացառիկ հնարավորություն ընձեռելու և աջակցելու համար։
Երվանդը վստահ է, որ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կծառայեցնի բուհի զարգացմանը և իր միջազգային փորձառությամբ կկիսվի համակուրսեցիների ու դասախոսների հետ։
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողների Էրազմուս+միջազգային փոխանակման ծրագրին մասնակցելու արդյունքների ամփոփում

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում՝ Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած երկու ուսանողների հետ։
«Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներ Գոռ Խուրշուդյանը 2024թ․-ի գարնանային կիսամյակում սովորել է Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում, իսկ Վարդան Թաթոսյանը 2024թ․-ի գարնանային կիսամյակում սովորել է Իսպանիայի Գրանադայի համալսարանում։
Ուսանողները կիսվեցին իրենց փորձով, ներկայացրին, թե ինչ տվեց իրենց փոխանակման ծրագրին մասնակցությունը, ինչ նոր անձնային հմտություններ են ձևավորել, խոսեցին ձեռք բերված գիտելիքներից, ուսումնական գործընթացում կիրառված նոր մեթոդներից և, իհարկե, միջմշակութային հարաբերություններից։
Վերջիններս նշեցին, որ արտասահմանյան բուհերում մեծամասամբ իրականացվում են գործնական դասեր, քանի որ շեշտը դրված է ուսանողների պրակտիկ ունակությունները զարգացնելու վրա։


Միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ուսանոնղները նաև ընդհանուր տեղեկություն տվեցին շարժունությանը մասնակցելու համար, այն է՝ ուսանողները պետք է տիրապետեն սահուն անգլերենին, հետևեն մայր բուհում պարբերաբար հրապարակվող Էրազմուս+ ուսանողների շարժունության մրցույթի հայտարարություններին, մրցույթն անցնելուց հետո պետք է իրականացնել հյուրընկալող բուհի առաջարկած դասընթացների և մայր բուհի ուսումնական ծրագրի առարկաների կրթական վերջնարդյունքների համադրելիությունը և կուտակված կրեդիտների փոխճանաչումը:
Բակալավրի դիմորդները կարող են շարժունության մրցույթին դիմել երկրորդ կուրսից ներառյալ, իսկ ավարտական կուրսի ուսանողները շարժունության ծրագրին մասնակցել չեն կարող: Ուսանողների շարժունության տևողությունը կարող է տևել նվազագույնը 2 ամսից մինչև առավելագույնը 12 ամիս:
Հանդիպման նպատակն էր ուսանողների շարժունության խթանումը կրթության զարգացման համար՝ հիմնված եվրոպական բուհերի լավագույն փորձի վրա։
Վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխանի ակտիվ փոխանակում:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողների` Էրազմուս+միջազգային փոխանակման ծրագրին մասնակցելու արդյունքների ամփոփում


Նոյեմբերի 11-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ուսանողների փորձի ներկայացմանը։

Հանդիպման ընթացքում իրենց փորձով կիսվեցին՝ «Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտության ուսանող Գոռ Խուրշուդյանը, որը մեկ կիսամյակ սովորել է Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում, նույն մասնագիտության ուսանող Վարդան Թաթոսյանը, որը մեկ կիսամյակ ուսանել է Իսպանիայի Գրանադայի համալսարանում, «Տնտեսագիտություն» մասնագիտության ուսանող Երվանդ Հարությունյանը, որը սովորել է Գերմանիայի Գելզենկիրխենի Վեստֆալյան տեխնոլոգիական համալսարանում, ինչպես նաև «Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտության ուսանողներ Գոռ Խուրշուդյանն ու Մարտուն Բաբայանը, որոնք Erasmus+

ծրագրի, ՀԱՊՀ-ի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի համագործակցության շրջանակներում մասնակցել են «Կամրջելով ձայները. մեդիագրագիտություն, համայնքային երկխոսություն և երիտասարդների մասնակցություն» խորագրով դասընթացին։
Ուսանողները ներկայացրին իրենց եվրոպական ուսման փորձը՝ պատմելով, թե ինչ հնարավորություններ է ընձեռել նրանց ծրագրին մասնակցությունը։ Նրանք անդրադարձան ձեռք բերված գիտելիքներին, կիրառված նոր ուսուցման մեթոդներին, ինչպես նաև միջմշակութային հարաբերությունների և համագործակցության կարևորությանը։

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Խառատյանը իր խոսքում ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը՝ նշելով, որ ուսանողների մասնակցությունը միջազգային ծրագրերին նպաստում է նրանց մասնագիտական և անձնային հմտությունների զարգացմանը։ Պարոն Խառատյանը հավելեց, որ այդ նպատակով մասնաճյուղում կազմակերպվում է նաև խոսակցական անգլերենի դասընթաց, որի նպատակն է բարելավել ուսանողների լեզվական հմտությունները՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել միջազգային շարժունության ծրագրերին։

Ուսանողները կարևորեցին այն հանգամանքը, որ արտասահմանյան բուհերում ուսուցման գործընթացում գերակշռում են գործնական աշխատանքները, քանի որ շեշտը դրվում է ուսանողների պրակտիկ կարողությունների զարգացման վրա։
Նրանք նաև ներկայացրին Էրազմուս+ շարժունությանը մասնակցելու հիմնական պայմանները․ ուսանողները պետք է տիրապետեն անգլերենին, հետևեն բուհում պարբերաբար հրապարակվող մրցույթի հայտարարություններին, ճիշտ համադրեն հյուրընկալող և մայր բուհերի ուսումնական ծրագրերի առարկաները՝ ապահովելով կրեդիտների փոխճանաչումը։
Շարժունության մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի երկրորդ կուրսի ուսանողները, ինչպես նաև մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները՝ ստանալով կրկնակի դիպլոմ։
Հանդիպման նպատակն էր խթանել ուսանողների միջազգային շարժունությունը և նպաստել կրթության զարգացմանը՝ հիմնվելով եվրոպական բուհերի լավագույն փորձի վրա։
Ռոբոտատեխնիկայի և Ինժեներական լաբորատորիաներ

STEM գիտելիքների խթանման նպատակով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում USAID Armenia-ի աջակցությամբ և ՀԱՊՀ-ի անմիջական միջնորդությամբ ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած Ռոբոտատեխնիկայի և Ինժեներական լաբորատորիաներ, որտեղ և՛ արցախահայ աշակերտները, և ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները մասնակցելու են անվճար հիմունքներով կազմակերպվող հետևյալ դասընթացներին՝
- Ռոբոտոտեխնիկա և ալգորիթմական ծրագրավորում,
- Հետաքրքրաշարժ մաթեմատիկա,
- Python ծրագրավորման լեզու,
- Գրաֆիկ դիզայն,
- Էլեկտրոմեխանիկա,
- Եռաչափ մոդելավորում,
- Աշխատանք թվածրագրային հաստոցների հետ:
STEM խմբակներում կազմակերպվող դասերը կրելու են շարունակական բնույթ: Դասավանդելու են լավագույն փորձ և լավագույնս իրենց ոլորտին տիրապետող մասնագետներ՝ նորագույն մեթոդներով և գործիքակազմով:

Արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը հանդիպման ընթացքում խոսեց Հայաստանի խոշորագույն ինժեներական բուհի՝ Պոլիտեխնիկի մասին և ինժեներական կրթության կարևորության մասին: Նշեց, որ թիմային ուսուցման և աշխատանքի արդյունքում աշակերտները կարող են իրենց պրոդուկտները հետագայում ներկայացնեն տեղական և միջազգային մրցույթներում:

Այնուհետև ճանաչողական այց կատարեցինք նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, որտեղ մեր մասնագետները ներկայացրին դասընթացների բովանդակությունը, ծանոթացրին սարքավորումների հետ աշխատանքին:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը մեծ ցանկություն ունի կրթության ոլորտում իր ներդրումն ունենալ ԼՂ-ից տեղահանված աշակերտների և ուսանողների կյանքում, հյուրընկալել իր տանիքի ներքո և նրանց ընդգրկել վերոնշյալ դասընթացներին՝ նպատակ ունենալով զարգացնել վերջիններիս մասնագիտական և անձնային հմտությունները, ովքեր կարող են հետագայում համալրել մեր ինժեներական մեծ ընտանիքը։



ՀԱՊՀ ներկայացուցիչների այցը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ

Մարտի 2-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց տեղեկատվան օր՝ «Ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» TACEESM խորագրով, որն իրականացվում է Erasmus+ նախագծի շրջանակներում։ Հանդիպման նպատակը համալսարանի և այլ շահակիցների լայն լսարանին ներկայացնել Եվրամիության կողմից ֆինանսավորվող 16 գործընկեր համալսարանների և կազմակերպությունների կողմից իրականացվող TACEESM Erasmus+ նախագծի նպատակները, խնդիրները և ակնկալվող արդյունքները:

ՀԱՊՀ-ն որպես շահառու հանդես է գալիս, ի դեմս նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի՝ հիմք ընդունելով «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտությունը և Մասնաճյուղի սերտ համագործակցությունը «Արխիդաչ» հոլանդական ընկերության հետ։ TACEESM Erasmus+ ծրագրի շրջանակներում նախատեսվում են «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մեկական առարկաների ծրագրային փոփոխություն՝ հաշվի առնելով գործատուների առաջարկները։

Ներկաներին ողջունեց Թվային տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ռուբեն Աղգաշյանը, ով նշեց, որ ծրագրի նպատակներից մեկը ճարտարապետական և քաղաքաշինական ոլորտում գործող կրթական ծրագրերի վերափոխումն է՝ ուղղված արդի կայուն մոդելների ձևավորմանը: Մասնաճյուղի աշակերտներին, ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին ողջունեց նաև ՀԱՊՀ միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, ով նաև պատասխանեց ուսանողների հարցերին, թե ինչպես կարելի է ընդգրկվել միջազգային ծրագրերում, և ինչ չափորոշիչներ են պետք վերջինիս դիմելու համար։
ՀԱՊՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի վարիչ Գևորգ Մարգարովը հանգամանալից ներկայացրեց ծրագրի բովանդակությունը, սպասվող ակնկալիքները և խոսեց Մասնաճյուղի ներգրավվածության կարևորության մասին։
Տեղեկատվական օրը ՎՏԿ-ում մեզ ողջունեց ՎՏԿ ծրագրերի համակարգող Աննա Հովհաննիսյանը, հանդիպմանը հրավիրված էր նաև «Արխիդաչ» ընկերության աշխատակիցները և տնօրեն Կարինե Աբրահամյանը։ Ընկերության տնօրենը ողջունեց ներկաներին և խոսեց հետագա բարեփոխումների և համատեղ ծրագրերի մասին։
Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՊՀ ներկայացուցիչներին՝ տեղեկատվական օրը Վանաձորում իրականացնելու համար, կարևորեց միջազգային ծրագրերում ներգրավվածությունը, օտար լեզվի իմացությունը և ոգևորեց ուսանողներին և աշխատակազմին առավել ինտեգրված լինել նման ծրագրերում։
Պարոն Խառատյանը շնորհավորեց բոլորիս ՀԱՊՀ հիմնադրման օրվա առթիվ, նշեց, որ ինչպես մարտի մեկը հանդիսանում է գարնան առաջին օր, զարթոնքի օր, այնպես էլ Պոլիտեխնիկի ծնունդը մեր երկրի համար եղավ տեխնոլոգիական կրթության և արդյունաբերության զարթոնքի և զարգացման սկիզբ։


Հանդիպման վերջում հյուրընկալվեցինք մեր գործընկեր «Արխիդաչ»-ում, որտեղ Մասնաճյուղի «Շինարարություն» բաժնի շրջանավարտ, ընկերության աշխատակից Սասուն Ղազարյանը ներկայացրեց գործիքակազմը և ծրագրերը, որով նրանք աշխատում են եվրոպական և տեղական շուկայի համար։


Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված «Էրազմուսի օրերին»

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի և ուսանողների հետ՝ «Էրազմուսի օրեր» խորագրով։ Միջոցառման նպատակը Էրազմուս+ ծրագրի հանրայանցումն էր։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Էրազմուս+ նախագծի հիմնական նպատակը, արդյունքները, դրանց դիմելու հնարավորությունները, հիմնական պահանջները, ներկայացվեց նաև Մասնաճյուղի աշխատակիցների և ուսանողների հաջողության պատմությունները։

Նշվեց որ, «Ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» TACEESM ծրագրին ունենք մասնակցություն, որն իրականացվում է Erasmus+ նախագծի շրջանակներում։ ՀԱՊՀ-ն TACEESM Erasmus+ նախագծում որպես շահառու հանդես է գալիս, նաև ի դեմս ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի՝ հիմք ընդունելով Շինարարական ճարտարագիտություն մասնագիտությունը և Մասնաճյուղի սերտ համագործակցությունը Արխիդաչ հոլանդական ընկերության հետ։ TACEESM Erasmus+ ծրագրի շրջանակներում նախատեսվում են Շինարարական ճարտարագիտություն մասնագիտության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մեկական առարկաների ծրագրային փոփոխություն՝ հաշվի առնելով գործատուների առաջարկները։
Խոսվեց նաև այն մասին, որ․

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի գնումների և տնտեսավարման բաժնի վարիչը, Էրազմուս+ միջազգային կրեդիտային անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակներում, ապրիլի 4-ից 8-ը գործնական այց է կատարել Կրետեի տեխնիկական համալսարան՝ մասնակցելով աշխատակիցների վերապատրաստման դասընթացին։
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը Էրազմուս+ միջազգային կրեդիտային անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակներում մարտի 21-ից 25-ը գործնական այց է կատարել Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ մասնակցելով միջազգային շաբաթին։
Վերջում՝ ներկաներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը բանախոսներին:
ՀԱՊՀ աշխատակցի վերապատրաստումը Կրետեի տեխնիկական համալսարանում

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի գնումների և տնտեսավարման բաժնի վարիչը, Էրազմուս+ միջազգային կրեդիտային անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակներում, ապրիլի 4-ից 8-ը գործնական այց կատարեց Կրետեի տեխնիկական համալսարան՝ մասնակցելով աշխատակիցների վերապատրաստման դասընթացին։ Կրետեի տեխնիկական համալսարանը երիտասարդ համալսարան է, որն ունի հստակ առաքելություն՝ նպաստել հասարակությանը գիտակրթական հետազոտությունների միջոցով: Այն ունի ավելի քան 70 լաբորատորիաներ՝ ժամանակակից սարքավորումներով, բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքով և բարձր որակավորում ունեցող անձնակազմով:
Կրետեի տեխնիկական հալսարանի աշխատակիցների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացվեց ՀԱՊՀ-ն, զուգահեռներ անցկացվեցին ՀԱՊՀ-ի և Կրետեի տեխնիկական համալսարանի միջև։ Ընդգծվեց երկու առաջատար տեխնիկական բուհերի կարևորությունը տնտեսության զարգացման և գիտատեխնիկական առաջընթացի համար, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրին մասնակցության կարևորությունը բուհերի զարգացման գործում։


ՀԱՊՀ աշխատակցի վերապարտաստումը իրականացվեց Կրետեի տեխնիկական համալսարանի երեք բաժիններում՝ գնումների կազմակերպման, գույքի կառավարման և տնտեսավարման։
Գույքի կառավարման բաժնում ծանոթացանք համալսարանի կողմից բացված կազմակերպության լիազորությունների և գործունեության հետ, որը զբաղվում է համալսարանին պատկանող գույքի տնօրինմամբ:
Գնումների բաժնում ներկայացվեցին եվրոպական գիտահետազոտական ծրագրերի և պետության կողմից համալսարանին տրամադրված դրամական միջոցներով գնումների պլանավորմումն ու կազմակերպումը։ Գործընկերների հետ քննարկվեցին Հայաստանում և Հունաստանում գնումների կազմակերպման նմանություններն ու տարբերությունները, էլեկտրոնային գնումների խնդիրները և այն հնարավորությունները, որոնք տալիս է այդ համակարգը։

Տնտեսավարման բաժնում ծանոթացանք համալսարանի ենթակառուցվածքների հետ։ Համալսարանը իրականացնում է մի շարք միջոցառումներ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու համար։ Տնտեասվարման բաժնի աշխատանիցները համալսարանի տարածքով շրջում են էլեկտրական մեքնաներով և հեծանիվներով, որոնց վերալիցքավորումը կատարվում է համալսարանի ներսի արևային կայանի հոսանքով։ Լաբորատոր փորձերի արդյունքում առաջացած հեղուկները երթարկվում են բազմակի ֆիլտրացիայի ջրահեռացման համակարգ լցնելուց առաջ։ Համալսարանը ունի արդի հակարդեհային, էլեկտրամատակարարման, ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգիեր։
Վերապատրաստումը արդյունավետ էր, հագեցած և հետաքրքիր։ Կրետեի տեխնիկական համալսարանի աշխատակիցները բաց են քննարկումների և փորձի փոխանակման համար։ ՀԱՊՀ-ի և Կրետեի տեխնիկական համալսարանի համագործակցությունը ամրապնդվեց և սկիզբ դրվեց նոր գործընկերական հարաբերությունների։


ՀԱՊՀ աշխատակիցների վերապատրաստումը Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտում

ՀԱՊՀ աշխատակիցների վերապատրաստումը Պորտուգալիայի Բրագանսայի
պոլիտեխնիկական ինստիտուտում ՀԱՊՀ Կիրառական մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Իշխան Հովհաննիսյանը եւ Վանաձորի մասնաճյուղի արտաքին կապերի համակարգող Տաթեւիկ Մարգարյանը Էրազմուս+ միջազգային կրեդիտային անձնակազմի շարժունության ծրագրիշրջանակներում մարտի 21-ից 25-ը գործնական այց կատարեցին Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ մասնակցելով միջազգային շաբաթին։ Վերջինիս մասնակցում էին նաեւ տարբեր երկրների բուհերի ներկայացուցիչներ։

Առաջին օրը՝ բացման նիստին, Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտի նախագահ Լուիս
Պաիսը ներկայացրեց կրկնակի դիպլոմների միջազգային հարթակը, միջազգային կրեդիտային
շարժունության արդյունքներն ու նոր մարտահրավերները։
Ներկայացվեցին նաեւ Բոլոնիայի գործընթացի եւ եվրոպական բարձրագույն կրթական
տարածքի վերաբերյալ նյութեր, զեկույցներ եղան՝ բարձրագույն կրթության արդիականացման,
եվրոպական բուհերում կրթության եւ ուսուցման որակի բարելավման թեմաներով։ Միջազգային
բաժնի մասնագետ Ֆիլիպ Ռոդրիգեսը ներկայացրեց Բրագանսայի պոլիտեխնիկական
ինստիտուտը, այնուհետեւ գործընկեր երկրների մասնակիցները ներկայացրին իրենց
համալսարանները։ ՀԱՊՀ ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին բուհի կառուցվածքը,
մասնագիտությունները, միջազգային համագործակցությունը, գործընկեր կազմակերպությունների
հետ կապը, Էրազմուս+ ծրագրին ակտիվ մասնակցությունը եւ դրա արդյունքների հաշվետվությունը։
Նշվեց, որ Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտում ներկայումս սովորող եւ
գերազանցությամբ ավարտած ուսանողները ՀԱՊՀ-ի եւ ԲՊԻ-ի համագործակցության վառ
ապացույցն են։ Քննարկվեցին նաեւ համագործակցության հեռանկարները եւ այն ոլորտները, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում երկու բուհերի համար։
Իրականացվեց նաեւ ճանաչողական այց ԲՊԻ-ի մասնաշենքեր, լաբորատորիաներ,
աշխատանոցներ եւ գրասենյակներ, որի ընթացքում ծանոթացանք համալսարանի
ենթակառուցվածքների հետ։ Նշենք, որ ԲՊԻ-ում մեծամասամբ իրականացվում են գործնական
դասեր, քանի որ շեշտը դրված է ուսանողների պրակտիկ ունակությունները զարգացնելու վրա։
Անձնակազմի վերապատրաստումը խիստ հագեցած եւ արդյունավետ էր։ Այս այցով
ստեղծվեցին նոր կապեր, ամրապնդվեց ՀԱՊՀ եւ ԲՊԻ համագործակցությունը եւ սկիզբ դրվեց նոր,
առավել արդյունավետ համագործակցության։