Փոխտնօրեն
ՀԱՍՄԻԿ ՎԱՉԱԳԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի փոխտնօրեն, ՄԳԹ, դոցենտ

Հասմիկ Վաչագանի Հովհաննիսյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 17-ին՝ Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշեն գյուղում, ծառայողի ընտանիքում։
1968 թվականին ընդունվել է և 1978 թվականին ավարտել Նոյեմբերյանի թիվ 6 միջնակարգ դպրոցը։ 1977 թվականին ընդունվել է Կիրովականի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարան, որն ավարտել է 1981 թվականին՝ ստանալով դաշնամուրի դասատուի որակավորում։
1982 թվականին ընդունվել է Պյատիգորսկի օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը, որը ավարտել է 1987 թվականին՝ «Անգլերեն լեզու» մասնագիտությամբ։
Մինչև 1998 թվականը աշխատել է Կիրովականի թիվ 1 երաժշտական դպրոցում՝ որպես դաշնամուրի դասատու։ 1987–1989 թվականներին համատեղությամբ աշխատել է Կիրովականի շինարարական տեխնիկումում, իսկ 1993–1994 թվականներին՝ ՀՊՃՀ Վանաձորի կրթահամալիրում՝ որպես անգլերեն լեզվի դասախոս։
1996 թվականից մինչ օրս աշխատում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Հումանիտար գիտությունների և մարմնակրթության» ամբիոնում՝ որպես անգլերենի դասախոս։
2009 թվականից հանդիսանում է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի փոխտնօրեն։ Հեղինակ է շուրջ 20 գիտամեթոդական աշխատանքների, որոնցից մի քանիսը հրատարակվել են արտերկրում։
2013 թվականի հուլիսի 1–12-ը մասնակցել է Գերմանիայի Կոբլենց–Լանդաու համալսարանում կազմակերպված ամառային դպրոցի դասընթացներին՝ կրթական վերջնարդյունքների, բարձրագույն կրթության քաղաքականության, կրթության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների և գործաբանական մոտեցման ուղղություններով՝ ստանալով համապատասխան վկայական։
2014 թվականի նոյեմբերին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝
«Գործաբանական իրազեկության զարգացման հիմնախնդիրը տնտեսագիտական կողմնորոշման գործարարական անգլերենի դասընթացում» թեմայով՝ ստանալով մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2015 թվականի հոկտեմբերի 22-ին ստացել է դոցենտի գիտական կոչում։