2014-2015 ուստարում մեր ավագ դպրոցն ընդգրկվեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն երիտասարդների համար» ծրագրում, որը հովանավորվում էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից: Մեկ ուսումնական տարի ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները գործնական դասերի միջոցով պետք է ստանային ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հմտություններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ գիտելիքներ: Շարունակել ընթերցումը
Փետրվարի տասնմեկին Վանաձորի ավագ դպրոցների հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում այդ դպրոցների աշակերտներն այցելեցին ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղ: Աշակերտներն այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, որոնք հիմնականում նախատեսված են ՀԱՊՀ-ի ուսանողների լաբորատոր և գիտահետազոտական աշխատանքների կատարման համար:
Աշակերտները նախ շրջեցին տեխնիկապես գերհագեցած լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին: Նրանք առանձնապես տպավորված էին ճշգրիտ փորձարկումների, ռոբոտաշինության, հեռահաղորդակցման և սարքավորումներով հագեցած լաբորատորիաներով: Շարունակել ընթերցումը
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի սաները հունվարի քսանինին շարունակեցին նշել բանակի կազմավորման քսաներեքերորդ տարելիցը:
Հայրենիք, հայրենասիրություն… սրանք արժեքներ ու գաղափարներ են, որոնք գոյություն ունեն յուրաքանչյուր անհատի մոտ, մեր դպրոցում նույնպես կարևորվում է ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Միջոցառումն սկսվեց ՀՀ-ի պետական հիմնով, ներկայացվեցին ազգային պարեր, երգեր, բեմադրուրյուններ: Հատուկ հյուրերի ցանկում էին համալսարանի հետ համագործակցող զինված ուժերի ներկայացուցիչներ՝ N զորամասի հրամանատարի տեղակալ՝ Արա Եսայանը, վաշտի հրամանատարներ՝ Վահրամ Վիրաբյանը և Ռոման Օհանյանը: Նրանք ողջունեցին աշակերտներին, նշեցին, որ նմանատիպ միջոցառումներն են բերրի հող ստեղծում հայրենասիրական սերմեր աճեցնելու համար: Ի հավաստումն արդյունավետ համագործակցության՝ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալագրեր հանձնեց զինվորական հյուրերին: Արա Եսայանը նշեց, որ կրթական հաստատությունների հետ իրենց համագործակցությունը կլինի շարունակական: Նա պատվոգրերով պարգևատրեց ավագ դպրոցի տնօրեն՝ Արմեն Սիրադեղյանին և կազմակերպիչ՝ Մարթա Գալստյանին:
2013թ. հունվարին ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով ավագ դպրոցի տնօրինության կողմից ստացված դիմումի համաձայն՝ Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից ավագ դպրոցին 2014թ. դեկտեմբերին տրամադրվել է 3 համակարգիչ և 1 տպիչ սարք: Բարեգործությունն իրականացրել է ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը:
2015թ. հունվարի 21-ին Հայաստան համահայկական հիմնադրամի և ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի ներկայացուցիչներն այցելեցին ավագ դպրոց՝ հավաստիանալու կատարված աշխատանքի և տնօրինության հետ քննարկելու ծրագրի կարևորության ու հետագա զարգացման հարցերի մասին: Ընդարձակ լսարանում տեղադրված 3 համակարգիչներից ու տպիչից բացի, այստեղ բավականին տարածություն կա` ժամանակակից զինվածությամբ համակարգչային համալրված լսարան ստեղծելու համար: Մինչ այդ ավագ դպրոցն օգտվել է ճարտարագիտական համալսարանի լաբորատոր բազայից: Այսուհետ համակարգչային լսարանը կտրամադրվի ավագ դպրոցի աշակերտներին՝ ինֆորմատիկա առարկայի դասերը կազմակերպելու համար:
Օրերս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղում հյուրընկալվել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային կենտրոնների համակարգող Հայկ Մամիջանյանը և Լոռու մարզային կենտրոնի համակարգող Վահե Դոխոյանը: Մասնաճյուղի ուսխորհուրդը մի քանի ամիս առաջ հիմնադրամին ներկայացրել էր «ակտիվ ուսանողներ, զարգացող բուհ» դրամաշնորհի հայտ, որը հավանության էր արժանացել ՀԵՀ-ի կողմից. Ուսխորհրդին նվիրաբերվել էր հինգ հարյուր հիսուն հազար դրամ արժողությամբ գույք, որի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու համար մասնաճյուղ էին հրավիրվել ՀԵՀ-ի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում հյուրերը բարձր գնահատեցին ուսխորհրդի ակտիվ աշխատանքը, միաժամանակ ուրվագծվեցին ՀԵՀ-ի և ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ուսխորհրդի ապագա համագործակցության ծրագրերը: Վերջում մասնաճյուղի ողջ ուսանողության անունից շնորհակալական խոսք ասաց ուսխորհրդի նախագահ Դավիթ Խառատյանը, ով նշեց նաև, որ ստացված գույքը կնպաստի ուսխորհրդի աշխատանքիարդյունավետությանը և ուսանողների ակտիվացմանը:
Վերջերս ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում բուհի ուսանողական խորհրդի և «Հումանիտար առարկաների և մարմնակրթության» ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Մրցույթին մասնակցում էր ութ թիմ, որոնց թվում նաև՝ մասնաճյուղի ավագ դպրոցի թիմը: Միջոցառումը մեծ ոգևորություն էր առաջացրել ուսանողության մեջ: Թեժ և լարված պայքարից հետո հաղթող ճանաչվեց ավագ դպրոցի թիմը, ինչը փոքր-ինչ անսպասելի էր և, իհարկե, շատ ոգևորիչ ապագա ուսանողների համար: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին «Google» և «ՎձՏ 401Բ» թիմերը:
Հուսով ենք՝ այս նախաձեռնությունը լավ սկիզբ կլինի այլ հետաքրքիր միջոցառումների համար, որոնց շնորհիվ ուսանողների առօրյան կդառնա ավելի հետաքրքիր և բովանդակալից:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի, Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհների մրցույթ: Մրցույթի նպատակն է աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին՝ մշակել նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև ներդնել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաները տարբեր գործընթացների ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար: Նախագծեր իրականացնելու համար հեղինակները կստանան 50%, իսկ Գյումրիում և Վանաձորում` 85% համաֆինանսավորում:
Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10000$, առավելագույնը՝ 50000$։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է:
Հայտերն էլեկտրոնային եղանակով ներկայացնել ՁԻՀ. info@eif.am cc: mari.barseghyan@eif.am, մինչև 2014թ. դեկտեմբերի 26-ը: Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը կդիտարկվեն հաջորդ փուլում։
Հետաքրքրված հայտատուների համար կկազմակերպվի «Կողմնորոշիչ սեմինար»՝ հայտերի կազմման և ներկայացման գործընթացը ներկայացնելու և բարձրացված հարցերին պատասխանելու համար: Սեմինարին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել կամ նամակ ուղարկել info@eif.am հասցեին:
Մրցույթի Գործառնական ձեռնարկը՝ ներառյալ հայտերի ներկայացման կարգը և Դիմումի ձևը կարող եք գտնել ՁԻՀ-ի կայքում (www.eif.am):
Հարցերի դեպքում, համապատասխան նամակ ուղարկեք info@eif.am հասցեով կամ զանգահարեք +37410 219797:
Կազմակերպական բնույթի հարցերի դեպքում կարող եք դիմել նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի պատասխանատուներին (ՀՊՃՀ ՎՄ, 3302, 3307 սենյակ):
ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ու ավագ դպրոցի աշակերտները իրենց շնորհակալությունն են հայտնում “Հայաստան” համահայկական հիմնադրամին՝ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցին երեք նոր համակարգիչ և մեկ բազմաֆունկցիոնալ տպիչ սարք նվիրաբերելու համար: Համոզված ենք, որ նոր տեխնիկան կնպաստի աշակերտների գիտելիքների բարձրացմանը և ավելի արդյունավետ կդարձնի ուսումնական գործընթացը:
Կրկին շնորհակալություն հայտնելով մասնաճյուղի անձնակազմի և սովորողների անունից՝ ակնկալում ենք, որ մեր համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:
Նոյեմբերի 22-ին ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի աշակերտները, իրենց խմբակավարի և մասնաճյուղի երկու դասախոսների առաջնորդմամբ Երևանում մասնակցեցին «Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ» մրցույթին: Վերջինս անցկացվում էր ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում:
Մրցույթին մասնակցում էին Երևանի և Հայաստանի մարզերում գործող ռոբոտատեխնիկայի խմբակների կողմից ներկայացված ռոբոտներ, որոնք առանձնանում էին իրենց յուրահատուկ լուծումներով: Իր տեխնիկական և ծրագրային լուծումներով տպավորիչ էր ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի ռոբոտը: Մեր աշակերտները մի քանի հանդիպումներ ունեցան ժյուրիի անդամների և այդ ոլորտի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեցին նորաստեղծ խմբակի կատարած աշխատանքները և իրենց հուզող խնդիրները: Աշակերտները հավաստեցին, որ հաջորդ մրցույթին հանդես կգան այլ՝ լիիրավ մասնակցի կարգավիճակով, և իրենց ռոբոտը մրցունակ կլինի առաջատար խմբակների ռոբոտների հետ: Խմբակի բոլոր անդամները՝ ոգևորված, հետաքրքիր գաղափարներով և ավելին սովորելու վճռականությամբ լի, վերադարձան Վանաձոր:
Շնորհակալություն ենք հայտնում ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենությանը՝ մեր աշակերտներին օժանդակելու համար: