Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Մաթեմատիկա և գրաֆիկա» ամբիոնը կազմակերպել էր հերթական սեմինար, որը վարում էր ամբիոնի վարիչ պարոն Ռ. Դալլաքյանը: Սեմինարին քննարկվեցին երկու զեկույց: Զեկուցողներն էին «Քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ պարոն Ս.Ղազարյանը՝ «Նավթն ունի կարբիդ-հիդրիդային ծագում» թեմայով և որակի ապահովման և վերահսկման բաժնի վարիչ Վ. Մամյանը՝ «Ամպային տեխնոլոգիաներ» թեմայով: Սեմինարին ներկա էին տնօրեն պարոն Խառատյանը, ուսումնական մասի վարիչ պարոն Նաջարյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ և ուսանողներ: Սեմինարն իսկապես բովանդակալից և տեղեկատվական էր ներկաների համար: Պարոն Ղազարյանի ներկայացրածը բոլորովին նոր տեսություն էր, որն առաջին անգամ առաջադրվել էր իր կողմից: Դեռևս 1971թ.-ի նավթի ծագմանը վերաբերող միջազգային 8-րդ կոնգրեսում ընդունել էին, որ նավթն ունի օրգանական ծագում և այն համարվում է սպառվող բնական ռեսուրս և մոտակա 30-40 տարում այս տեմպերով շահագործվելու դեպքում՝ այն կսպառվի: Սակայն, ըստ պարոն Ս.Ղազարյանի տեսության, նավթն ունի կարբիդ-հիդրիդային ծագում և նրա պաշարները երկրագնդի ընդերքում համարվում են անսպառ, և ոչ միայն նավթի պաշարները չեն սպառվի, այլ նաև նավթ կա բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, ուղղակի այն գտնվում է տարբեր խորությունների վրա և պիտի փորատվի մինչև նավթի շերտին հասնելը:
Պարոն Մամյանը ներկայացրեց ամպային տեխնոլոգիաների կիրառումը կրթական համակարգում, ինչպես նաև ներկայացրեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի հաղորդակցման էլեկտրոնային հարթակը, մասնավորապես՝ հարթակի կառուցվածքը, կազմակերպչական սխեման, տեխնիկական լուծումները, ուսուցումը և այլ հարցեր: Մանրամասնեց, թե որոնք են հանդիսանում ամպային տեխնոլոգիաները՝ հաշվողական ռեսուրսներ և կիրառություններ, որոնք հասանելի են INTERNET-ում՝ ծառայությունների և շտեմարանների տեսքով, օգտագործողների տարբեր խմբերի համար:
Վերջում տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում:
Փետրվարի տասնիննին՝ ավագ դպրոցների հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում, Վանաձորի թիվ 24 դպրոցի աշակերտներն այցելեցին ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղ: Աշակերտներն այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, որոնք հիմնականում նախատեսված են ՀԱՊՀ-ի ուսանողների լաբորատոր և գիտահետազոտական աշխատանքների կատարման համար: Աշակերտները նախ շրջեցին տեխնիկապես գերհագեցած լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին: Նրանք առանձնապես տպավորված էին ճշգրիտ փորձարկումների, ռոբոտաշինության, հեռահաղորդակցման և սարքավորումներով հագեցած լաբորատորիաներով: Աշակերտները ռոբոտաշինության լաբորատորիայում նախ ընդհանուր տեղեկություններ ստացան ռոբոտների վերաբերյալ, այնուհետև աշխատեցին ռոբոտների հետ, նաև մասնակցեցին փորձին, որի ժամանակ մեր ռոբոտը, որին անվանել ենք «Մաքրուհի», հավաքեց հատակին թափված թղթերը: Նրանք տեղեկացան հեռակառավարման սկզբունքով էլեկտրոնային կապի մասին մայր համալսարանի հետ, որը հնարավորություն է ստեղծում կազմակերպել տեսակոնֆերանսներ ՀԱՊՀ-ի մասնաճյուղերի և կենտրոնական կրթահամալիրի միջև: Վերջում աշակերտները ծանոթացան ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն պրն. Ա. Խառատյանի հետ: Նա նշեց, որ ՀԱՊՀ-ն համարվում է ամենակենսական և կարևոր բուհերից մեկը, որը պատրաստում է ինժեներներ, ովքեր ստեղծում են կյանքի նյութական բարիքները՝ առավել հետաքրքիր դարձնելով շրջապատող աշխարհը:
Մեր կողմից ողջունելի են նման հանդիպումները, քանի որ այն խթանում է բուհ-դպրոց համագործակցության զարգացմանը:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողները փետրվարի 3-ին` Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ, հնարավորություն ունեցան հանդիպելու SYNERGY International Systems ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի հետ: Հանդիպումը հնարավորություն ընձեռեց՝ ուսանողներին անձամբ հաղորդակցվել գործատուի հետ, իրենց հետաքրքրող հարցերն ուղղել նրան, ծանոթանալ գործատուի պահանջներին և ավելի պատրաստված մտնել աշխատաշուկա:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտները մասնակցեցին հանապետական նշանակություն ունեցող միջոցառումներից հերթականին՝ DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած այս մրցույթի նպատակն է դպրոցականների շրջանում խթանել կոդավորման նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ալգորիթմային մտածողությունը և ստեղծագործականությունը, ինչպես նաև բացահայտել տաղանդավոր պատանիներին ու հնարավորություն տալ զարգացնել ունակությունները` խաղ խաղացողից վերածելով խաղ ստեղծողի:
Մրցույթն անցկացվում էր երկրորդ անգամ։ Մեր ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտներն ակտիվորեն մասնակցել են երկու մրցույթներին, և երկու անգամ էլ անցել եզրափակիչ փուլ։
Այս տարի խմբակի աշակերտները գրել էին հետաքրքիր, ուսուցողական և ժամանցային 11 խաղեր, որոնցից 6-ն անցան եզրափակիչ փուլ։ DigiCode ծրագրավորման մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ուր մեր աշակերտները ներկայացրեցին իրենց աշխատանքները։ Ժյուրին իր գնահատականում նշեց, որ մեր խմբակի աշակերտները մեկ տարվա մեջ ակնառու հաջողությունների են հասել․ նրանց գրած խաղերն ու ուսուցողական անիմացիաներն էլ ավելի են բարդացել և դարձել առավել հետաքրքիր։ Նշվեց, որ աշակերտների մեջ զարգացել է թիմային մտածելակերպը, ինչը շատ կարևոր գործոն է ապագա ծրագրավորողի համար։ Այդ ամենի մեջ ժյուրին բարձր գնահատեց խմբակավարի աշխատանքը։
Որպես խրախուսանք՝ Ռոբոտաշինության խմբակը կստանա ռոբոտի լրացուցիչ դետալներ, որպեսզի հետագայում մենք կարողանանք մասնակցել ռոբոտների մրցույթներին։
Այսօր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի արտաքին կապերի և ուսանողական կարիերիայի կենտրոնի համակարգողը և բուհի լավագույն շրջանավարտներից Հասմիկն ու Անահիտը հանդիպում ունեցան թիվ 5 ավագ դպրոցի աշակերտների հետ` մասնագիտական կողմնորոշման նպատակով: Շրջանավարտները խոսեցին պոլիտեխնինական կրթության կարևորության մասին, ինչպես նաև նշեցին, թե ինչ առավելություններ են ունեցել` ավարտելով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը: Այսօր նրանք ունեն իրենց ուրույն տեղը աշխատաշուկայում և կերտում են իրենց կարիերան:
Շատ ջերմ և արդյունավետ հանդիպում ունեցանք, աշակերտները ոգևորությամբ հղում էին իրենց հարցերը և ստանում սպառիչ պատասխաններ: Բուհը կշարունակի համագործակցել դպրոցների հետ և իր հյուրընկալ դռները կբացի բոլոր աշակերտների համար:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ, հնարավորություն ունեցան մասնակցելու «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»–ի կողմից կազմակերպված աշխատանքային տոնավաճառին: Մասնակցելու հնարավորություն էր ընձեռված ոչ միայն փորձառու, այլև սկսնակ ծրագրավորողների համար:
Տոնավաճառի ընթացքում ուսանողները հնարավորություն ունենցան համեմատել իրենց գիտելիքները Հայաստանի առաջատար ՏՏ ընկերություններից մեկի պահանջների հետ:
Հուսով ենք, որ մեր ուսանողները և շրջանավարտները հաջողությամբ են հանձնել ընկերության կողմից կազմակերպած ստուգարքը և նրանք կհամալրեն «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ընկերության՝ ապագայում ստեղծվող Վանաձորի մասնաճյուղը:
«Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ը Հայաստանի առաջատար ՏՏ ընկերություններից է, որն ունի 200 աշխատակից Երևանում, վերջերս մասնաճյուղ է բացել Գյումրիում և մտադիր է մասնաճյուղ հիմնել նաև Վանաձորում:
ՀԱՊՀ Վ/մ և ՎՏԿ համագործակցության արդյունքում մեր ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու նմանատիպ միջոցառումներին և իրենց գիտելիքները գործնականորեն օգտագործել առաջարկվող ընկերություններում:
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության Լոռու մարզի պատսխանատու Արման Աքուլյանը հանդիպում ունեցավ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողների հետ, ով ներկայացրեց պրեզենտացիա՝ «Ապահովագրական գործակալ» թեմայով: Ուսանողները մանրամասն տեղեկացան ապահովագրական ընկերությունների, մատուցվող ծառայությունների և այլ հետաքրքիր փաստերի մասին: Պրեզենտացիայի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել գործակալի գործառույթների մասին, ինչպես նաև՝ համաձայնության դեպքում, ընդգրկել վերջիններիս ապահովագրական աշխատանքների մեջ: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ապահովագրական ընկերության ներկայացուցչին, ով հանգամանորեն պատասխանեց նրանց բոլոր հարցերին:
Մեծամասնությունը համաձայնեց ինտեգրվել այդ աշխատանքին և իրենց առաջին քայլերն անել՝ գումար վաստակելու համար:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալել էր ggTaxi-ի օպերացիոն գծով տնօրեն Վահրամ Միրաքյանին և ggTaxi-ի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանին, ովքեր սեմինար վարեցին մեր ուսանողների և դասախոսների հետ: Սեմինարի թեման էր «Արդյունավետ ստարտափի սկզբունքները», այսինքն՝ ինչպե՞ս հիմնել ստարտափ, ի՞նչ ճանապարհ է պետք անցնել արդյունավետ ստարտափ ունենալու համար, ինչպե՞ս թիմ հավաքել, ինչպե՞ս դուրս գալ գլոբալ շուկա: Սեմինարի ժամանակ քննարկվեցին նաև հետևյալ հարցերը.
բիզնեսի գաղափարի ընտրություն, ժամանակակից բիզնեսի գլխավոր ռեսուրսները,
ինչպե՞ս ներգրավել հաճախորդ, ինչպե՞ս աշխատել հաճախորդի հետ, ինչպե՞ս պահել հաճախորդին, խոսվեցին նաև գովազդային հարթակների մշակման և արդյունավետության փորձարկման մասին, նաև՝ ինչպես հիմնել բիզնես, եթե չկա նախնական կապիտալ:
ggTaxi-ն հայկական ամենահաջողակ ստարտափերից է, որը 0-ից հիմնվել է մեկ ու կես տարի առաջ ու այդ ընթացքում հասցրել է գրավել իր ամուր դիրքը հայկական շուկայում, ինչպես նաև ստացել է 200 000 դոլար ներդրում և մասնաճյուղ է հիմնել Թբիլիսիում:
ggTaxi-ի ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով, ուսանողների բազմապիսի հարցերին տվեցին սպառիչ պատասխաններ և խոստացան հետագայում ևս կապ հաստատել ու իրենց արդյունավետ փորձը փոխանցել նրանց, ովքեր ուզում են բիզնես սկսել:
18.11.2015թ.-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի XII Բ դասարանի աշակերտները և ԴԱԿ Մարթա Գալստյանը «Հայկական Կարիտաս» և «Խաչվող ուղիներ» ՀԿ-ների կողմից հայտարարված «Բարին արա» ակցիայի շրջանակներում, այցելեցին Նարեկ մանկական հիվանդանոց:
Այցելության նպատակն էր ստացիոնար բուժման մեջ գտնվող երեխաներին պարգևել ուրախ և անմոռանալի օր: Օրն անցավ երգ ու պարով հագեցած, կազմակերպվեցին հետաքրքիր խաղ մրցույթներ: Երեխաների հետ միասին ուրախացել էին նաև նրանց ծնողները: ՈՒրախությունը լիարժեք էր, քանի որ ներկա էին նաև մուլտհերոսներ, որոնց տեսնելով երեխաները մի պահ կտրվեցին հիվանդանոցային առօրյայից և կարծես թե հայտնվել էին հեքիաթում: Օրվա սպասելիքներն արդարացված էին, քանզի փոքրիկ հրաշքների աչքերը փայլում էին ուրախությունից՝ պայծառ լույսերի նման: