ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՅՑԸ 10-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ «DIGITEC EXPO-2014» ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
PublishedՀոկտեմբեր 7, 2014
Հոկտեմբերի 3-5-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում կայացավ տեխնոլոգիական ոլորտի ամենախոշոր միջոցառումը` «Digitec EXPO-2014» միջազգային ցուցահանդեսը:
ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրինության օժանդակությամբ ցուցահանդես այցելեցին մասնաճյուղի ուսանողներն ու ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի աշակերտները: Ուսանողներն ու աշակերտները մասնակցեցին «Ռոբոտներն առօրյայում» փառատոնին, ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանի «ԱրմՌոբոտիքս» ծրագրի ներկայացում սեմինարին, ՀՊՃՀ ուսանող Հայկ Հարությունյանի «Ռոբոտ ձեռք» և Սայմոտեկ ընկերության աշխատակից Հրաչ Խաչատրյանի «Ռոբոտներն ամենուրեք» թեմայով սեմինարներին: Աշակերտները շատ ոգևորվեցին` իրենց հասակակիցների ստեղծած ռոբոտները և նախագծերը տեսնելով: Նրանք համոզմունք հայտնեցին, որ հաջորդ տարի ցուցահանդես կգան ոչ թե որպես այցելուներ, այլ որպես մասնակիցներ՝ ներկայացնելու իրենց ստեղծած ռոբոտներն ու այլ աշխատանքները:
«Digitec EXPO-2014» ցուցահանդեսին մասնակցում էր ավելի քան 130 կազմակերպություն: ՀՊՃՀ-ն այս տարի ներկայացնում էր ոչ միայն ճարտարագիտական նոր լուծումներ առաջարկող նախագծեր, այլև լրացուցիչ մասնագիտական կրթական ծառայություններ: Բավականին տպավորիչ էին Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL), որտեղ ներկայացված էին 30-ից ավել ուսանողական հետաքրքիր նախագծեր՝ հողմակայան՝ գիշերային լուսավորության համար, տոմսերի զննման համակարգ, մետեոկայան, գույնի տարբերակիչ, իոնոֆոն, «Smart» անձրևանոց, «Smart» լուսացույց, բուրգ հոլոգրամ և այլն:
Տեխնոլոգիական տոնը հայկական մշակույթով գեղեցկացրեց մասնաճյուղի գործընկեր «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը, ում աշխատակիցները պարեցին հայկական ավանդական քոչարին Մերգելյան ինստիտուտի բակում:
Ուսանողները, այցելելով տեխնոլոգիական ցուցահանդեսը, զրուցելով տարբեր ձեռնարկությունների աշխատակիցների հետ, համոզվեցին, որ ճիշտ են ընտրել իրենց ապագա մասնագիտությունը: Իսկ աշակերտներից շատերն այդ օրը որոշեցին, որ պետք է դառնան ծրագրավորողներ: