Կրթական տեխնոլոգիաների նկատմամբ տարբեր մոտեցումները կարելի է դիտարկել որպես ուսումնական ծրագրի իրականացման համախումբ, որն իրենից ներկայացնում է ուսուցման ձևի, մեթոդների և միջոցների այնպիսի կառուցվածք, որն ապահովում է հասնելու կրթական վերջնանպատակին:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ՈւՄԲ վարիչ տ.գ.թ., դոցենտ Մ.Թ. Նաջարյանի կողմից գործնական օրինակներով ներկայացված են դասավանդման ընթացքում առարկայական ծրագրով նախատեսված նյութի մատուցման ինտերակտիվությունը ապահովող տեխնիկական, ծրագրային, մանկավարժական տարբեր գործիքներ, ուսուցման նորագույն մեթոդներ, որոնք, էապես տարբերելով ավանդական գործիքներից, նոր որակի և մշակույթի ձևավորման հիմք են ծառայում:
Պետք է առանձնացնել հեղինակի կողմից մայրենի լեզվով ուսումնամեթոդական գրականության ստեղծման գործընթացը, որը առարկաների ուսուցման ամբողջական էլեկտրոնային փաթեթների ստեղծման հիմք են հանդիսացել:
ՀՀ Կրթության և գիտության նախարարության որոշմամբ տեխնիկական բուհերի ուսանողների համար հրատարակվել են «Մետաղահատ գործիքներ» դասագիրքը (2007թ.) և «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ» ուսումնական ձեռնարկը (2009թ.), հրատարակվել են «Մետաղների կտրման հիմունքներ և կտրող գործիքներ» մենագրությունը (2017թ.):
Տիրապետելով համակարգչային տեխնոլոգիաների որոշակի ծրագրերով աշխատելու կարողություններին Մ.Թ. Նաջարյանը հեղինակել է էլեկտրոնային դասախոսությունների մի ամբողջ շարք փաթեթներ՝ «Կտրող գործիքներ 2008թ.», «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ-2009թ.» (http://www.seua.am/new education technology): Այդ ժամանակներից սկսած մասնաճյուղում առաջին անգամ նրա կողմից ներ է դրվել ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կրթական ոլորտում, ստեղծելով առավել արդյունավետ ուսուցման միջավայր:
Ուսուցման արդյունավերտության բարձրացման նպատակով Մ. Թ. Նաջարյանի կողմից վերանայվել է առարկաների ուսումնասիրման մեթոդաբանությունը: Այդ նպատակով նա հրատարակել է ուսումնամեթոդական ձեռնարկ («Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ, Մետաղների կտրում և կտրող գործիքներ» (2019թ.), որը հնարավորություն է տալիս ուսանողին առարկայի յուրաքանչյուր թեմայի ուսումնասիրությունը իրականացնել համակարգված, առավել ուշադրություն դարձնելով թեմայի համապատասխան բաժիններին:
Յուրաքանչյուր թեմայի ուսումնասիրությունից հետո ուսանողը հնարավորություն ունի օգտվել ներկայացված ինքնաստուգման հարցաշարից, պարզելու համար իր իմացությունը նյութի վերաբերյալ: Ձեռնարկում ընդգրկված է առարկայի լաբորատոր փորձերի կատարման մեթոդիկան՝ որոշակի տեսական բացատրությամբ: Ընդգրկված է նաև լաբորատոր փորձերի արդյունքների գրանցման էլեկտրոնային ձևաչափը: Փորձերի արդյունքների մուտքագրման էլեկտրոնային տարբերակը պարզեցնում է գրանցման գործընթացը՝ խնայելով ուսանողի ժամանակը:
Հեղինակի կողմից 2019 թվականին ներկայացվել են «Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ-2019թ.» (https://polytech.am/onlinelectures/eldas_2/), «Մետաղների կտրում և կտրող գործիքներ-2019թ.»( https://polytech.am/onlinelectures/eldas_1/ ) առարկաների համար անհրաժեշտ էլեկտրոնային նյութերը: 2020թ. դասախոսություւների էլեկտրոնային նյութերը համալրվել է «Մետաղների կտրում և կտրող գործիքներ» առարկայի ամբողջական տեսաձայնագրությունը:
2021 թվականին Մ. Թ. Նաջարյանը ստեղծել է Web կայք՝ (https://mikayelnajaryan.com), որի մեջ ներառված են գիտամանկավարժական գործունեության ընթացքում նրա կողմից ստեղծած ուսուցման արդի տեխնոլոգիաների կիրառման համար անհրաժեշտ նյութերը:Դասավանդման ընթացքում ուսուցման ինտերակտիվ մեթոդների ներդրման միջոցով նրա կողմից ուսումնական գործընթացի բոլոր բաղադրիչների համալիր բարեփոխման քայլ է արվել, որոնք են՝ ինքնուրույն աշխատանք, դասախոսություններ, գործնական աշխատանքներ, լաբորատոր փորձարկումներ:
Մ. Թ. Նաջարյանը հանդես է եկել զեկուցումներով գիտաժողովներում, որտեղ ներկայացրել է մասնաճյուղում իրականացվող ուսուցման ակտիվ մեթոդների ներդրման հաջողությունների մասին.
- «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման օրինակներ բարձրագույն կրթության ոլորտում», Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և կայուն զարգացում: Միջազգային գիտաժողով նվիրված ԼՂՀ անկախության հռչակման 18-րդ տարեդարձին: Զեկուցումների հիմնադրույթներ 25-26.09.2009թ.:
- «Միջավայրային բարեփոխումները ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում»-Կրթության բարեփոխումներ, հիմնախնդիրներ, Հանրապետական գիտաժողովի նյութեր, Վանաձոր 2010թ.:
- «Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը բարձրագույն կրթության ոլորտում», ՀԱՊՀ գիտաժողով, Երևան, 2019թ.:
- Внедрение современных технологий обучения в Национальном политехническом университете Армении, Печатный, 26 марта 2021 г. Новые технологии высшей школы Наука, техника, педагогика, Материалы Всероссийской научно-практической конференции «Наука – Общество – Технологии – 2021» (Россия, Москва, 26 марта 2021 года).
- «Դասավանդման արդի տեխնոլոգիաների կիրառումը և ուսանողի անհատական աշխատանքի կազմակերպման խնդիրները», ՀԱՊՀ գիտաժողով, Երևան, 2021թ.:
Անհրաժեշտ է առանձնացնել Մ.Թ. Նաջարյան կողմից վերջին տարիներին մասնաճյուղում իրականացվող ուսանողների ինքնուրույն աշխատանքի կազմակերպման թիմային եղանակը, որի վերաբերյալ հատուկ կարծիք է հայտնել ՀԱՊՀ-ի ռեկտորատը:
Թիմային աշխատանքում ներգրավված ուսանողների կատարած հետազոտությունները ներկայացված են տարբեր հարթակներում որպես գիտական զեկույցներ, ուսանողները արդյունքները ձևակերպել են որպես ավարտական աշխատանքներ, մագիստրական թեզեր, հրատարակել գիտական հոդվածներ տարբեր ամսագրերում:
Ուսանողների թիմային աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ դրա արդյունավետությունը բավականին բարձր է՝ որակյալ և ըստ նշանակության մասնագետի պատրաստման, ձեռնարկությունների հետ համագործակցության ընդլայնման, ուսանողների տեսական, գիտական և հատկապես գործնական գիտելիքների կուտակման հնարավորությունների, տարբեր կուրսերի ուսանողների համախմբման, փոխօգնության, թիմի ներսում և դրանից դուրս գիտելիքների փոխանակման, անձնական հրաշալի փոխհարաբերությունների առումով: Այս ամենը անշուշտ նպաստում են վաղվա անհատի ձևավորմանը:
Անհրաժեշտ է նշել Մ.Թ. Նաջարյան մասնակցությունը կրթական բարեփոխումներին նվիրված միջոցառումներին, Tempus-ի 15-ամյակին նվիրված (30 նոյեմբեր, 2010, ԵՊՀ) և այլ նախագծերի խորհրդաժողովներին, սեմինարներին (ՀՊՃՀ, ՎՊՄԻ, 2009-2010), ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպված փորձագետների վերապատրաստման դասընթացներ, 2013-2014թթ. ՈԱԱԿ-ի վերապատրաստման եռափուլ դասընթացների մասնակցություն 2016թ. մարտ-ապրիլ, ՈԱԱԿ-ի հավաստագիր 2016թ.:
Կրթության բնագավառում մատուցած ծառայությունների և անբասիր աշխատանքի համար Մ. Թ. Նաջարյանը պարգևատրվել է ՀՀ Կ և Գ նախարարության պատվոգրերով և վաստակագրերով, 2009 թվականին արժանացել է ՀՊՃՀ(Պոլիտեխնիկ) բարձրագույն պարգևի՝ Ոսկե մեդալի:
Մ. Թ. Նաջարյանը մասնակցել է ՀԱՊՀ հայտարարված 2020/2021 ուս տարվա «Դասավանդման արդի տեխնոլոգիաներ կիրառող լավագույն դասախոս» համալսարանական մրցույթին և արժանացել առաջին մրցանակի, ինչի համար շնորհավորում ենք նրան և ցանկանում ուսումնական և գիտամանկավարժական հետագա հաջողություններ:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի
տնօրեն ԱՐՄԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ