Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

IMG_8251Մայիսի 12-14-ը հոբելյանական ուսանողական տարեկան գիտաժողով տեղի ունեցավ ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղում, որը նվիրված էր մասնաճյուղի հիմնադրման հիսունհինգամյակին: Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը: Շնորհավորելով մասնակիցներին՝ նա ընդգծեց այն կարևորագույն դերը, որ ունեցել է ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղը ոչ միայն մեր քաղաքի, մարզի, այլև Հայաստանի հյուսիսային շրջանների զարգացման գործում: Այն հանգամանքը, որ խորհրդային շրջանում մեր քաղաքն ունեցել է հզոր և զարգացած արդյունաբերություն և որ կայացել է որպես արդյունաբերական քաղաք, իր անուրանալի դերն են ունեցել մասնաճյուղի շրջանավարտները: Նա նշեց նաև, որ այսօր էլ մեծ առաքելություն է դրված մասնաճյուղի առջև, քանզի տարածաշրջանին անհրաժեշտ են բարձրորակ մասնագետներ երբեմնի հզոր արդյունաբերական պոտենցիալը վերականգնելու նպատակով: Այդ առումով որոշակի դեր կարող է խաղալ նաև մասնաճյուղի երկու մասնաշենքերում տեխնոկենտրոնի ստեղծումը: Կարևորելով նմանատիպ գիտաժողովների անցկացումը՝ տնօրենը շեշտեց, որ բուհը ոչ միայն ուսումնառության օջախ է, այլև այնպիսի մի վայր, որտեղ ուսանողները պիտի զբաղվեն գիտահետազոտական աշխատանքով, նոր գաղափարներ երկնեն ու ներդնեն: Նա կարևորեց նման գիտաժողովների անցկացումը և´ բակալավրիատի, և´ մագիստրատուրայի ուսանողների համար, քանի որ դրանք կօգնեն հետագայում ուսումն ասպիրանտուրայում շարունակելիս, կնպաստեն, որ բուհի շրջանավարտները երկրի համար դառնան լավ ճարտարագետներ: «Մեր դասախոսների մեծ մասն անցել է այդ ճանապարհով, եղել է ուսանողական գիտական կոնֆերանսի լավագույն մասնակիցներ, և ես գտնում եմ, որ այդ փորձը շարունակական կլինի», – ասաց Արմեն Խառատյանը:

ՈւԳՀԱ պատասխանատու Հենրիկ Պողոսյանն էլ մասնակիցներին մաղթեց ստեղծագործական բեղմնավոր աշխատանք և ցանկություն հայտնեց, որ նրանց գիտական աշխատանքները կրեն շարունակական բնույթ, այսինքն՝ ցածր կուրսերում ընտրած իրենց թեմաները հետագայում զարգացնեն բարձր կուրսերում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Միաժամանակ գտնում է, որ լավ կլինի, որ բարձր կուրսերի ուսանողներն իրենց աշխատանքները կատարելիս ներգրավեն ցածր կուրսերի ուսանողներին, քանի որ այդ հանգամանքը վերջիններիս համար կարող է ծառայել որպես յուրօրինակ պրակտիկա:

Գիտաժողովում գործում էր ինը սեկցիա, ընդհանուր առմամբ՝ եղան քառասունվեց զեկուցումներ: Մայիսի 14-ին գիտաժողովի աշխատանքներին ներկա գտնվեցին ՀՊՃՀ-ի ռեկտոր Հ.Թոքմաջյանը, պրոռեկտոր Ս.Աղբալյանը, աշխատակազմի ղեկավար Լ.Դաշտոյանը: Իրենց գոհունակությունը հայտնելով` նրանք ընդգծեցին մասնաճյուղի ուսանողների գիտական մեծ պոտենցիալը, նրանց մաղթեցին նորանոր հաջողություններ ուսումնառության և գիտության բնագավառում:

Լավագույններ ճանաչվեցին Անահիտ Վահանյանի, Էդվարդ Շահինյանի, Սամվել Կիրակոսյանի, Ալեն Հակոբյանի, Արծվի Կարայանի, Լևոն Միրզոյանի, Դավիթ Խառատյանի, Գոհար Դարբինյանի, Արփինե Ամիրխանյանի, Անուշ Հակոբյանի, Աստղիկ Սարոյանի, Զարմուհի Դարչինյանի, Վահե Մելքոնյանի զեկուցումները:

IMG_8266                                      IMG_8274 (1)

Անահիտ Վահանյանի «Տրանսֆորմեր հասկացության կիրառումը շրջազգեստի մոդելավորման մեջ» զեկուցման մեջ հեղինակը տրանսֆորմեր հասկացությունն օգտագործել է շրջազգեստի մոդելավորման մեջ՝ ստեղծելով երեկոյան շրջազգեստ-տրանսֆորմերի երեք մոդելներ: Ձևափոխությունները կատարվել են նախագծման մեջ բարդ գոտի համարվող ուսագոտում:

Դավիթ Խառատյանն իր «Ռիսկերի հեջավորումը ածանցյալ գործիքների միջոցով» հոդվածում անդրադարձել է հեջավորման ռազմավարություններին և կատարել դրանց վերաբերյալ վերլուծություններ:

Աննա Եղոյանը «Արտադրանքի որակի կառավարման խնդիրները մեքենաշինական ձեռնարկությունում» հոդվածում արտադրանքի տեխնիկական որակի վրա տեխնոլոգիական գործընթացի պարամետրերի ազդեցությունը գնահատելու համար ուսումնասիրել է Վանաձորի «Ավտոգեն-Մ» գործարանում արտադրվող «Մայակ-2-01» ВАГ 2016.00.00 գազակտրիչի տեխնիկական որակը՝ հետազոտման առարկա ընտրելով գազակտրիչի ВАГ 2016.03.01-01 իլ կառուցվածքային տարրը:

Էդ. Շահինյանը «Երիտասարդության ներգրավումը բիզնեսի մեջ» զեկուցման մեջ անդրադարձել է ՀՀ-ում ներկայումս առկա ամենացավոտ հարցերից մեկին՝ երիտասարդության կողմից բիզնեսի կազմակերպմանը, որը, անշուշտ, զգալիորեն կնվազեցնի երիտասարդության արտագաղթը:
Լավագույն աշխատանքները ներկայացվեցին խրախուսման: Միաժամանակ որոշվեց լրամշակումից հետո դրանք ներկայացնել ՀՊՃՀ-ի տարեկան գիտաժողովին:

Ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ կարող ենք արձանագրել, որ այն քանիցս ապացուցեց նշված գործիքի անհրաժեշտությունը համալսարանական միջավայրում, այն, թե ինչպես պիտի ուսանողները կարողանան ինքնուրույն գործունեություն ծավալել հարափոփոխ միջավայրում, ունենան չափելի և փոխանցելի հմտություններ, ուսումնառության ընթացքում կարողանան իրականացնել գիտական հետազոտություններ և դրանց արդյունքները դարձնեն կիրառելի: